Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել հայ համայնքի 650-ամյակի առթիվ

Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել հայ համայնքի 650-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Սեյմը հատուկ բանաձև է ընդունել հայ համայնքի 650-ամյա հոբելյանի առթիվ: Բանաձևն ընդունվել է միաձայն՝ 435 կողմ:

«Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնության 650-ամյա տարեդարձի մասին» վերնագրով բանաձևը սահմանում է, որ 2017 թվականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագավորի կողմից շնորհված արտոնության 650-ամյակը, որով իրավունք էր տրվել Լվովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձևում նշվում է, որ դարերի ընթացքում, ինչպես նաև հիմա, լեհերի և հայերի միջև փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել այլ պետությունների և ժողովուրդների համար:

Լեհաստանի Սեյմի բանաձևում նաև գնահատական է տրվում Լեհաստանի պատմության մեջ հայերի դերակատարությանը և առանձնահատուկ հարգանք է արտահայտվում նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Լեհաստանի անկախության, այն նվիրյալ քաղաքացիներին, ովքեր ապրել և աշխատել են Լեհաստանի համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Լեհաստանի Սեյմի բանաձևում վստահություն է հայտնվում, որ հետագայում ևս լեհերի և հայերի միջև եղբայրական բարեկամությունը պատմության նոր գեղեցիկ էջեր կբացի:

Նոյեմբերի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցել է Վոլոմին համայնքի Ստրախուվկա բնակավայրում Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծի արձանի բացման պաշտոնական արարողությանը։

Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի արձանը տեղադրվել է Լեհաստանի հայ գործիչ Աշոտ Առաքելյանի նախաձեռնությամբ։ Արձանը պատրաստվել է Հայաստանում և կրում է հայ և լեհ քրիստոնյա ժողովուրդներին միավորող խաչ։Միջոցառումն անցնում էր ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո՝ Լեհաստանի Վոլոմինի համայնքի ու Ստրախուվկայի քաղաքապետարանի կազմակերպմամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---