ՀՀ նախագահը՝ Բրյուսելում. ՀՀ-ն հաճախ որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր

ՀՀ նախագահը՝ Բրյուսելում. ՀՀ-ն հաճախ որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր

PanARMENIAN.Net - 2017թ. իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարևոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ունեցած ելույթում:

Նա նշել է, որ դա համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները և սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:

«Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական և հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի ՀՀ-ում երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից: Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ և կայուն առաջընթացի գրավականը։

Այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության և համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։ Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը»,-ասել է նա, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը հավելել է նաև, որ վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։ Հայաստանը, թերևս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։ «Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը»,-ասել է նախագահը:

Սարգսյանը նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: «Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույնն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է»,-ասել է նա:

Նախագահը ընդգծել է նաև, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և այս առումով սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը:

«Մեկ նկատառում ևս. ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված չորս բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: Եվ հիմա՝ 25 տարի հետո, խոսել այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ»,,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը հավաստիացրել է նաև, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովում ստորագրվելու է Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ընթերցեք նաև.Deutsche Welle. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելի գագաթնաժողովի ամենահնչեղ իրադարձությունը կլինի

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---