Միջազգային ԶԼՄ-ները` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին․ ՌԴ-ն փաստաթղթում նախորդից քիչ սպառնալիք է տեսնում

Միջազգային ԶԼՄ-ները` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին․ ՌԴ-ն փաստաթղթում նախորդից քիչ սպառնալիք է տեսնում

PanARMENIAN.Net - Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը հիմնականում չեզոք արձագանք է գտել միջազգային մամուլում:

Ի տարբերություն Արևելյան գործընկերության 2013-ի գագաթնաժողովի, որի ընթացքում Ուկրաինայի նախկին նախագահն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից, այս անգամ ԵՄ-ին հաջողվեց շրջանցել տհաճ անակնկալները, գրում է Fox Business-ը:

«ԵՄ-ն տարիներ վատնեց Հայաստանի հետ [Ասոցացման] համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, արդյունքում Հայաստանը ստորագրումից ընդամենը օրեր առաջ հայտարարեց ԵԱՏՄ-ին միանալու մասին», - գրում է կայքը և հավելում, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը, չնայած խորացնում է ՀՀ-ԵՄ գործակցությունը տնտեսական, էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում, չի առաջարկում ոչինչ Հայաստանի՝ եվրոպական ճամբարին լիարժեք անդամակցության ուղղությամբ:

«ԵՄ դիվանագետներն իրենք են ասում, որ նպատակ չունեն ԱլԳ անդամ երկրներին Բրյուսելի և Մոսկվայի միջև երկընտրանքի առջև դնելու: Ռուսաստանը մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա՝ Ադրբեջանին զենք վաճառելու միջոցով, որի հետ Հայաստանը տևական հակամարտության մեջ է», - եզրափակում է Fox Business-ը:

Euobserver-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրին: Գործակալությունը գրում է, որ նոր համաձայնագիրը չի կարող փոխարինել 2013-ին Հայաստանի կողմից չստորագրված Ասոցացման համաձայնագրին, այն չունի ազատ առևտրի բաղադրիչ, քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է: «Մոսկվան ավելի քիչ սպառնալիք է տեսնում այս համաձայնագրի մեջ, քան նախորդի», - գրում է գործակալությունը:

Միևնույն ժամանակ գործակալությունը համարում է համաձայնագրի ստորագրումը անկյունքարային ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որը միջին մակարդակի վրա է դնում երկկողմ հարաբերությունները:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։

Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---