Պապիլոմավիրուսի դեմ կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները (Հարցում)

Պապիլոմավիրուսի դեմ կպատվաստվեն 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները (Հարցում)

PanARMENIAN.Net - Արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումը Հայաստանում իրականացվելու է դեկտեմբերի 11-ից «Գարդասիլ» կոչվող քառավալենտ պատվաստանյութով: Այդ մասին հայտարարել է ՀՀ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Ծաղկաձորում իմունականխարգելման գործընթացի իրազեկման դասընթացի ժամանակ։

Դեկտեմբերի 11-ից պատվաստվելու են 2004-ի հուլիսից հետո ծնված աղջիկները։ Չի բացառվում, որ հետագայում ավելի բարձր տարիքի աղջիկները ևս պատվաստվեն։ Երեխաները պատվաստվելու են թևից, հայտնում է Aysor.am-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է 9-13 տարեկան աղջիկներին երկու դեղաչափ պատվաստում՝ երկու դեղաչափերի միջև 6 ամիս ինտերվալով։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ նախարարության աշխատողների երեխաները կարող են պատվաստվել առաջինը. «Մենք երբեք չենք հրաժարվել, որ կպատվաստենք առաջինը մեր երեխաներին։ Դուք դա կտեսնեք»։

«Եթե պատվաստումն իրականացվում է, չի նշանակում, որ այլևս սքրինինգային գործընթացներ չպետք է իրականացվեն։ Այդ գործընթացները պետք է միմյանց զուգահեռ կատարվեն», - ասել է Սահակյանը։

Պատվաստումն իրականացվելու է պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, բոլոր բուժկենտրոններում։ «Երբ պատվաստումների մասսայական միջոցառում է իրականացվում և շատ մարդիկ են ընդգրկվում այդ գործընթացում, վիրուսի շրջանառության վրա ենք փորձում ազդել, վիրուսի շրջանառությունը նվազում է ու դրանից օգտվում են նաև չպատվաստված խմբերը։ Նախադեպ եղել է 2007-ին կարմրուկի պատվաստման կամպանիայի ժամանակ», - ներկայացրել է Սահակյանը։

Ինչպես բոլոր պատվաստումների, այս դեպքում ևս կան հակացուցումներ։ Գայանե Սահակյանի խոսքով, եթե առաջին դեղաչափի ընդունման դեպքում երեխայի մոտ առաջանում է ծանր ռեակցիա, ապա հաջորդ դեղաչափը չի իրականացվում։ «Եթե աղջկա մոտ կան գանգատներ, ապա տվյալ պահին աղջիկը չի պատվաստվում, հետաձգվում է մինչև առողջական վիճակի նորմալացումը։ Եթե խրոնիկ հիվանդություններ կան աղջիկների մոտ, շատ ուշադիր պետք է լինեն բժիշները ու պատվաստումներ չիրականացնեն», - ասել է Սահակյանը՝ ընդգծելով, որ բժիշկների վերապատրաստումների ժամանակ հստակ ցուցումներ են տալիս մասնագետներին։

Պատվաստումներից հետո 90 տոկոսի մոտ կարող են լինել ցավային սինդրոմներ, բայց դա, ըստ Սահակյանի, կարճ կարող է տևել և կարող է լինել տեղային՝ ներարկման տեղում կամ լինել ջերմություն, գլխացավ, բայց՝ կարճատև։

«Ռեակցիաներից հիմնականում անհանգստացնողը անաֆելաքսիան է, ալերգիան: 1,7 միլիոն պատվաստվածից 1-ի մոտ կարող է նման ռեակցիա առաջանալ։ Շատ լավ գիտեք, որ դա կոնկրետ պատվաստանյութի ազդեցությամբ պայմանավորված չէ. Ցանկացած միջամտությունից, մեղվի խայթոցից կամ ցանկացած միջամտությունից այն կարող է լինել», - նկատել է Սահակյանը։

Պապիլոմավիրուս վարակի դեմ պատվաստումներ իրականացվում են աշխարհի 72 երկրներում։ Վիճակագրական տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի Հայաստանում 100 հազար կնոջից արգանդի վզկի քաղցկեղ ախտորոշվում է 15-ի մոտ, 8-ը մահանում են այդ հիվանդության հետևանքով։Ֆինլանդիան այդ հվանդությունից ամենացածր մահացություն ունեցող երկիրն է՝ 100 հազար կնոջից 1-ն է մահանում, սակայն այդ երկրում պատվաստումներ ու սքրինինգ է իրականացվում։

«Գարդասիլ» պատվաստանյութը Հայաստանը դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռք է բերել «Գավի» հիմնադրամի օգնությամբ։ Առաջին երկու տարին պատվաստումները Հայաստանում իրականացվելու են անվճար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---