Նախարար. Սրտի դեղապատ ստենտի գինը կնվազի մոտ 30%-ով՝ մինչև 700.000 դրամ

Նախարար. Սրտի դեղապատ ստենտի գինը կնվազի մոտ 30%-ով՝ մինչև 700.000 դրամ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողներին է ներկայացրել նախարարության առաջիկա անելիքները, որոնցից է նաև Հայաստանում պետպատվերի շրջանակներում սրտի ստենտավորման գնի նվազեցումը:

«Սրտի ստենտավորման գները կնվազեն կենտրոնացված գնումների հաշվին: Ստենտը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ձեռք է բերվում 250-400 եվրո գնով, մեզ հնարավորություն կընձեռվի շատ ավելի էժան ձեռք բերել ստենտը», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ կենտրոնացված գնումների դեպքում ստենտը ձեռք կբերվի 3 մատակարարից, որոնք աշխարհում հայտնի առաջատար ընկերություններ են և այսօրվա դրությամբ ապահովում են շուկայի մոտ 85 տոկոսը:

«Ոչ մի բան չի փոխվի կյանքում: Ավելին ասեմ՝ բոլորը կարող են համոզված լինել, որ բոլոր ստենտերը Հայաստանի տարածքում հենց այդ երեք խոշորագույն արտադրողների ստենտերն են և ճամպրուկներով դրսից չեն բեվում», - ասել է նախարարը:

Ըստ նոր ծրագրի՝ եթե այսօր դեղապատ ստենտի գինը 1 մլն 80 հազար դրամ է, ապա նախատեսվում է այն դարձնել 700.000 դրամ:

«Դա ենթադրում է բուժհիմնարկի ամորտիզացիա՝ 5 տարով, այսինքն՝ հինգ տարին մեկ բուժհիմնարկը ամեն ստենտավորումից կստանա գումար, որով բուժհիմնարկը հինգ տարին մեկ կփոխի իր սարքավորումները: Բայց որպեսզի դա իրականանա, բուժհիմնարկը պետք է կատարի մոտավորապես օրական 5 ստենտավորում: Սա նորմալ ցուցանիշ է և այդ սարքավորման տաս ժամվա աշխատանք», - ներկայացրել է նախարարը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե սրտի ստենտավորման համար Հայաստանից Վրաստան են մեկնում՝ նախարարը հույս է հայտնել, որ Վրաստանից և մասնավորապես այդ երկրի հարավային շրջաններից կսկսեն գալ Հայաստան և ստենտավորում անել մեր երկրում:

«Ես կարծում եմ, որ բուժհաստատությունների ղեկավարները և սրտաբանները, որոնք զբաղվում են ստենտավորմամբ, մտավախություն ունեն, թե կտուժի իրենց եկամուտը, ես կարծում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում իրենց եկամուտը կավելանա՝ այն անձանց հաշվին, ովքեր այսօր գումար չունեն ստենտավորման, այն անձանց հաշվին, որոնք գնում են Վրաստան ու այնտեղ են ստենտավորում և ինչու չէ՝ Վրաստանի հարավային շրջաններից կգան Հայաստան», - հավելել է պաշտոնյան:

Ընթերցեք նաև. Սրտացավ վերաբերմունքը. Ինչ արժե ստենտավորումը ՀՀ-ում ու Վրաստանում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---