Սուրենյանը՝ ձմռան մասին. Առանձին օրերին Երևանում գիշերը կարող է ցրտել մինչև -20...-22 աստիճան

Սուրենյանը՝ ձմռան մասին. Առանձին օրերին Երևանում գիշերը կարող է ցրտել մինչև  -20...-22 աստիճան

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը պատմել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում այս ձմեռ։

«Ամսական կտրվածքով օդի ջերմաստիճանն ու սպասվելիք տեղումների քանակը դեկտեմբերին, հունվարին ու փետրվարին կլինեն նորմայի սահմաններում։ Միջին ամսական ջերմաստիճանը կարող է գտնվել նորմայի սահմաններում, սակայն, ասենք, ամսվա կեսը կարող է բավականին սառը լինել, իսկ մյուս կեսը` համեմատաբար տաք»,-ասել է Սուրենյանը մամուլի ասուլիսում, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նա հավելել է, որ կլինեն ժամանակաշրջաններ, երբ հանրապետության տարածքը կգտնվի ցուրտ արկտիկական օդային զանգվածների ազդեցության ներքո, կլինեն նաև օրեր, երբ ազդեցություն կգործեն օդի համեմատաբար տաք օդային հոսանքները։

«Երևանում տաք օդային հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +8...+10 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի -20...-22–ի»,-նշել է Սուրենյանը։

Անդրադառնալով նախորդ տարվա եղանակային պայմաններին, երբ Արարատյան դաշտում 60 օր շարունակ գրանցվում էր ցուրտ օդային հոսանքների լճացում՝ Սուրենյանը նշել է, որ վիճագրական տվյալների համաձայն, այդպիսի ձմեռներ Արարատյան դաշտավայրում լինում են 50 տարին մեկ անգամ։

«Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, սակայն անցած տարվա պես ցուրտ օդային հոսանքների լճացում և արևի բացակայություն չի կանխատեսվում։ Նման երևույթներ կդիտվեն միայն առանձին օրերին, ինչը նորմա է համարվում»,-ասել է Սուրենյանը։

Սուրենյանը նշել է, որ Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կարող է կազմել +8...+10 աստիճան։ «Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում նշված մարզերում օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև -22...-24 աստիճան»,-հավելել է Սուրենյանը։

Նա նաև ընդգծել է, որ Շիրակի և Արագածոտնի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի լեռներում, Կոտայքում և Վայոց Ձորում տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ օդի ջերմաստիճանը կկազմի 0...+5 աստիճան, իսկ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ժամանակ ջերմաստիճանը նշված մարզերում կնվազի` հասնելով մինչև -25...-30 աստիճանի։

«Լոռու մարզում տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +5...+10 աստիճան, իսկ ցուրտ օդային հոսանքների դեպքում գիշերը ջերմաստիճանը կկազմի -22...-27 աստիճան։ Տավուշում առանձին օրերի օդի ջեռմաստիճանը կբարձրանա մինչև 8–13 աստիճան տաքություն, առանձին օրերին կնվազի` հասնելով -12...-16–ի», – ասել է Սուրենյանը։

Նա հավելել է, որ Սյունիքի նախալեռնային շրջաններում տաք օդային հոսանքների ներթափանցման պարագայում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 2–7 աստիճան տաքություն, իսկ հովտային շրջաններում`10–14 աստիճան տաքություն, սառը օդային հոսանքների ներթափանցման օրերին օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում կկազմի -10...-15 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` -15...–20։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---