Դեպրեսիայի քո բաժինը, կամ ինչու են մեզ հիշում ռուսական ալիքներով

Դեպրեսիայի քո բաժինը, կամ ինչու են մեզ հիշում ռուսական ալիքներով

PanARMENIAN.Net - Ամեն երեկո Նովոսիբիրսկի, Նովոռոսիյսկի, Խանտի-Մանսիսյկի, Բիյսկի, Նորիլսկի գործարաններից մեկի խառատ Վասիլին վերադառնում է տուն ջարդված ավտոբուսով, ջարդված փողոցներով, մտնում ջարդված շքամուտքը, բարձրանում ջարդված աստիճաններով, բացում ջարդված դուռը, ընթրում ջարդված սպասքից, նստում ջարդված բազկաթոռին ու միացնում պատահական հեռուստաալիքը։

Ամեն երեկո էկրանի հակառակ կողմից Մոսկվայի հեռուստատաղավարներից մեկում գեղեցիկ փողկապներով տղամարդիկ ու գեղեցիկ ոտքերով կանայք, ինչպես նաև նրանց՝ տաղավարից տաղավար քոչող հյուրեր քաղաքագետ Սերգեյ Մարկովը, քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն, լրագրող Տոմաշ Մացեյչուկը, լրագրող Մայքլ Բոմը, ու անթիվ-անհամար այլ քաղաքագետներ ու լրագրողներ․

Քննարկում են Ուկրաինան, քննարկում են Սիրիան, քննարկում են ԱՄՆ-ը, քննարկում են Բելառուսը, քննարկում են Հայաստանը, քննարկում են Վրաստանը, քննարկում են ՆԱՏՕ-ն, քննարկում են Եվրոպան՝ ու կրկին քննարկում են Ուկրաինան։ Նորիլսկն ու Բիյսկը երբեք չեն քննարկում։

Եվ գալիս է մի պահ, երբ խառատ Վասիլին, քաղաքագետ Մարկովը, քաղաքագետ Շևչենկոն, լրագրողներ Բոմն ու Մասեյչուկը միաձուլվում են էքստազի մեջ ու սկսում են բղավել։

Աններդաշնակ բղավոցներից Վասիլին միայն լսում է, որ շուրջբոլորը թշնամի են, ուզում են խլել Վասիլիից Նովոսիբիրսկը, Նովոռոսիյսկը, Բիյսկը, Կասպիյսկը ու Խանտի-Մանսիյսկը, ինչպես նաև ջարդված ավտոբուսը, ջարդված սպասքը ու ջարդված բազմոցը։ Վասիլին բղավում է էկրանից այն կողմ նստածներին, որ բա՛վ է տեղի տալ ամերիկացիներին ու եվրոպացիներին ու պետք է ատամներով պահել Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Սիրիան ու Ուկրաինան։ Մեկ ժամ անց Վասիլին փոխում է ալիքը՝ ու գեղեցիկ ոտքերով հաղորդավարուհիները, գեղեցիկ փողկապներով հաղորդավարները և հյուրերը կրկին նրան նույն բանն են բղավում։

Ատելության կոնվեյերն աշխատում է 24 ժամ՝ Վասիլիի մոտ պաշարված ամրոցում ապրելու տպավորություն ստեղծելու համար։ Երբեմն ծիծաղաշարժ դրվագներ են պատահում, երբ նույն մարդիկ տարբեր փողկապներով նույն բաներն են բղավում տարբեր ալիքների զուգահեռ ընթացող «ուղիղ եթերներում»։ Վասիլին դա նկատելու ժամանակ չունի, քանի որ ալիքից ալիք փոխելուց նրան նույն բանն է սպասում։ Իսկ Հայաստանը, Նժդեհը, Հանրապետականը ու ասոցացման պայմանագրերը զուտ սյուժեներ են․ չլինեն դրանք, «Զվեզդան», «Առաջին ալիքն» ու «ՆՏՎ-ն» հազարերորդ անգամ Ուկրաինայից են խոսելու։

Նպատակը մեկն է․ վախեցնել մեր խառատ ընկերոջը։ Արժե՞ արդյոք ամեն անգամ Հայաստանում ընկճվել, սրտին մոտ ընդունել ու փրփռել նման սյուժեներից։ Թերևս, ոչ։ Վասիլիին վախեցնելու համար ստեղծված այսօրեական սյուժեից մենք ինքներս դարձնում ենք մեզ «Վասիլի»՝ թիրախ, որն իր վրա է վերցնում իսկական Վասիլիի համար նախատեսված դեպրեսիայի մի բաժինը։

Թեթև տարեք․ մինչ այդ մարդիկ բղավում են, նրանք Վասիլիի, ոչ թե մեզ հետ են զրուցում։

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---