// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայտարարություն. ՀԱՊԿ-ը սատարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Հայտարարություն. ՀԱՊԿ-ը սատարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն ի դեմս ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, որի առաքելությունն է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքը։

«3 վերոնշյալ երկրի ջանքերով մշակվել է խնդրի հանգուցալուծման համար հիմք հանդիսացող սկզբունքների և տարրերի ամբողջականություն, որոնք արտացոլվել են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություններում: Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին, մասնավորապես միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նաև իրենց աջակցությունն են հայտնել այն համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում գագաթնաժողովների շրջանակում, որոնք ուղղված են իրավիճակի սրացումից խուսափելուն, հրադադարի ռեժիմտ պահպանմանը , հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ հավելյալ միջոցների ձեռնարկելուն ու բանակցային գործընթացի ինտենսիվացմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

 Ուշագրավ
Նկարահանող խումբը տպավորված է եղել հատկապես արցախցիների հյուրընկալությամբ:
Այդպես, ՌԲԿ-ն գրում է, որ 25 տարի հետո ՀՀ-ն կկորցնի Եվրամիություն «կոնյակ» առաքելու իրավունքը
Նախագահն ասել է, որ ՀՀ–ԵՄ համաձայնագիրն արտացոլում է երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները: