Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձն ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանթա Փաուերը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչը։ Որպես նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ նա արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի մասնագետներից մեկն է դարձել: Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում են եղել բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը: Փաուերը հեղինակել է «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

«Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը: Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում», - նշել է դեսպան Փաուերը, հայտնում է IDeA հիմնադրամի Հանրային կապերի բաժինը:

Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպելու է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և «Մերկատոր» հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը:

Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100.000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---