ՀՀ-ում ուզում են կինոթանգարան ստեղծել

ՀՀ-ում ուզում են կինոթանգարան ստեղծել

PanARMENIAN.Net - Հայաստանում կինոթանգարանի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը՝ պաշտոնում ընտրվելուց 39 օր անց լրագրողներին ներկայացնելով այդ ընթացքում կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

«Մշակվել է Կինեմատոգրաֆիստների միության նոր կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է ինչպես ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի պահանջներին, այնպես էլ միության ժամանակակից հասարակության պահանջներին։ Ամբողջովին նոր ստեղծված կանոնադրությամբ նոր խնդիրներ և նոր նպատակներ են դրվել միության առջև»,-նշել է Հարություն Խաչատրյանը, հայտնում է Panorama.am-ը։

Միության նախագահն ասել է, որ այս պահին գլխավոր նպատակը մեծ դահլիճի վերանորոգումն է, որի համար անհրաժեշտ են հովանավորներ. «Մեծ դահլիճի մասնակի վերանորոգումը սկսվել է։ Այս պահին նորոգվում են նաև դահլիճին հարակից սրահները։ Վարդանանց փողոցից բացվել է դահլիճ տանող փոքր մուտքը, այստեղ նույնպես սկվել են նորոգման աշխատանքներ։ Ֆինանսական բավարար միջոցներ գտնելու դեպքում կկարողանանք կինոցուցադրություններ իրականացնել»։

Անդրդառնալով կինոթանգարանի ստեղծման աշխատանքներին՝ նա սել է. «Նամակներ են ուղարկվել աշխարհի բազմաթիվ կինոթանգարաններին, որպեսզի հնարավոր լինի համագործակցել նրանց հետ և ստեղծել ժամանակակից թանգարան։ Այց ենք ունեցել նաև «Հայֆիլմ» կինոստուդիա, ուսումնասիրել այն ամենը, ինչ մնացել է հայկական կինոյից, որպեսզի հնարավոր լինի թանգարանի համար այնտեղից վերցնել համապատասխան իրեր։ Ձևավորվել է նաև թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողով»։

Երկարատև ընդմիջումից հետո բացվել է նաև Կինոյի տան հայտնի «Բուխարու սրահը», որտեղ, Խաչատրյանի խոսքով, ամեն օր հավաքվում են կինոյի մարդիկ։

«Առաջին անգամ կազմվել է կինեմատոգրաֆիստների բյուջե, որպեսզի միության ծախսերը լինեն ոչ թե կամայական, պահի ազդեցությամբ, չհիմնավորված, այլև նախապես ծրագրված»,- տեղեկացրել է Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է «Կինեմատոգրաֆիստների մասին» ՀՀ օրենքի նախագծին, միության նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված հանձնաժողովի առաջարկներն արդեն ներկայացվել են մշակույթի նախարարությանը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության հետ, որ օրենքի նախագիծը կներկայացվի նաև կինեմատոգրաֆիստների միությունում»։

Հարություն Խաչատրյանը հավելել է՝ ստեղծվել է «Երիտասարդական հարթակ», որը միավորում է երիտասարդ և անկախ կինոգործիչներին՝ քննարկելու ներկայացված կինոնախագծերը։

Ասուլիսից հետո լրագրողներին հնարավորություն է ընձեռվեց շրջել Կինեմատոգրաֆիստների միության և Կինոյի տան տարածքով, ծանոթանալ ներկա վիճակին ու կատարվող աշխատանքներին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---