Օրբելյան. Հուսանք՝ Խվորոստովսկու ձայնասկավառակը կարժանանա «Գրեմմիի»

Օրբելյան. Հուսանք՝ Խվորոստովսկու ձայնասկավառակը կարժանանա «Գրեմմիի»

PanARMENIAN.Net - Հայտնի դիրիժոր, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հույս է հայտնել, որ Դմիտրի Խվորոստովսկու ձայնասկավառակը կարժանանա «Գրեմմի» մրցանակին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոնստանտին Օրբելյանը և վերջերս հեռացած ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Նրանք ներկայացած են «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» ձայնասկավառակի համար: Խվորոստովսկին կատարում է երգերը Օրբելյանի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և «5-ի ոճը» Ռուսական ժողովրդական գործիքների համույթի նվագակցությամբ:

«Հուսանք՝ Դմիտրի Խվորոստովսկու սկավառակը կարժանանա պարգևին»,-ասել է Կոնստանտին Օրբելյանը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում:

Օրբելյանը միակ դիրիժորն է, որի հետ Խվորոստովսկին մեներգային ալբոմներ է ձայնագրել, եթե չհաշվենք նրա վաղ շրջանի ձայնագրությունը Վալերի Գերգիևի հետ:

Օրբելյանը հիշել է նաև, թե ինչպես է առաջացել պատերազմական տարիների երգերը ձայնագրելու գաղափարը՝ այդ առաջարկը դիրիժորն է արել Խվորոստովսկուն: Օրբելյանը նշել է, որ այդ նախագծով Խվորոստովսկին ոչ թե ուղղակի հայտնի դարձավ, այլ ՝ Ռուսաստանի ազգային հերոսը: Ավելի ուշ, հիշեցրել է Օրբելյանը, Խվորոստովսկու երգացանկում հայտնվեցին նաև խորհրդային շրջանի այլ երգեր: «Մենք ձայնագրեցինք Ալեքսանդրա Պախմուտովայի, Առնո Բաբաջանյանի երգերը, իմ հորեղբայր Կոնստանտին Օրբելյանի «Կեչիների աղմուկը» երգը:

Խվորոստովսկին վախճանվել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում 55 տարեկանում երկարատև ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հունիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2018-ի հունվարի 28-ին, Նյու Յորքում: Օրբելյանը հավակնում էր «Գրեմմիի» նաև 2014-ին՝ Ռոսսինիի արիաների նվագախմբային ձայնագրությունների համար: Խվորոստովսկին հավակնել է մրցանակին 3 անգամ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---