Շաբոյան. Որոշ ապրանքների, այդ թվում՝ կարագի, թանկացումը հիմնավորված է

Շաբոյան. Որոշ ապրանքների, այդ թվում՝ կարագի, թանկացումը հիմնավորված է

PanARMENIAN.Net - Շուկայում մի քանի ապրանքատեսակի թանկացումը հիմնավորված է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ գնագոյացման հարցերն այնքանով են գտնվում ՏՄՊՊՀ լիազորությունների շրջանակներում, որքանով վերաբերում են այնպիսի շուկաներին, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։

Կարագի շուկային անդրադառնալով՝ Շաբոյանը նշել է, որ նախորդ տարվա սեպտեմբերից կարագի գինը պարբերաբարբարձրանում էր և 2480 դրամից հասավ 4500 դրամի, այսինքն՝ մոտ 80%-ով թանկացում է եղել, հայտնում է Panorama.am-ը։

Սա, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով, համաշխարհային տենդենցներով։ Նա նշել է, որ այս երևույթը տեղի է ունենում ամբողջ աշխարհում. բոլոր երկրներում կարագի գինը կտրուկ բարձրացել է։

Շաբոյանի խոսքով՝ բենզինի շուկայում հիմնական գնային բարձրացումները տեղի են ունեցել օգոստոս ամսվանից սկսած. սեպտեմբերին բենզինը թանկացել է 20 դրամով, վերջերս՝ ևս 10 դրամով, այսինքն՝ տեղի է ունեցել բենզինի գների 7-8 տոկոսով բարձրացում։ ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ սա հիմնականում պայմանավորված է ձեռք բերման գների բարձրացմամբ։

Ձվի շուկայում վերջին ժամանակահատվածում՝ մեկ ամսվա ընթացքում, գները որոշակիորեն բարձրացել են։ Ըստ Շաբոյանի՝ խոսքը 5-6 դրամ բարձրացման մասին է, ոչ ավելի, և այն, ինչ հրապարակվում է շատ դեպքերում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում. խնդիրը պայմանավորված է սեզոնային պահանջարկի ավելացմամբ։

«Սովորաբար տարվա վերջին տեղի է ունենում ձվի սեզոնային պահանջարկի ավելացում, և այդ ժամանակահատվածում տեղական արտադրողները որոշակիորեն ավելացնում են արտադրության ծավալները կամ որոշակի ներմուծումներ են իրականացնում։ Պարզապես այս տարի տնտեսվարողների կողմից ներմուծումները որոշակիորեն ուշացել են։ Բայց մեր ունեցած տեղեկատվությամբ՝ այս պահին ներկրումներ են իրականացվում, այդ պատճառով անհանգստանալու կարիք չկա։ Խնդիրը շուտով կկարգավորվի»,- ասել է նա։

Շաբոյանը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով՝ անբարեխիղճ մրցակցային երևույթներ առկա չեն, վերոնշյալ շուկաները մշտապես գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---