Բաքու-Թբիլիսի-Կարսի ռելսերը գողացել են. Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել

Բաքու-Թբիլիսի-Կարսի ռելսերը գողացել են. Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Վրաստանում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2017-ի հոկտեմբերի 30-ին: Դեպքը տեղի է ունեցել Ջավախքի Նինոծմինդա քաղաքից ոչ հեռու, Մարաբդա-Կարծախ տեղամասում: Գողությունը կատարվել է նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 6-ին:

Գողության գործով Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել: Նրանք «Դեմիրիոլ սերվիզ» ընկերության աշխատակիցներ են: Այդ ընկերությանն են պատկանում Մարաբդա-Կարծախ հատվածի երկաթուղային ռելսերը, հայտնում է «Sputnik Գրուզիան» Վրաստանի ՆԳՆ կայքի վրա հղումով:

Գողացված ռելսերն առգրավվել են որպես իրեղեն ապացույց: Քրեական գործը հարուցվել է «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կատարված գողություն» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:

Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---