Նալբանդյանը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում խոսել է ԼՂ խնդրի չկարգավորման 9 պատճառի մասին

Նալբանդյանը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում խոսել է ԼՂ խնդրի չկարգավորման 9 պատճառի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի անզիջողական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացում:

Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը՝ ներկայացնելով ԼՂ հակամարտության չկարգավորման 9 պատճառ:

«1-ին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված երեք սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:

2-րդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների կողմից առաջարկած տարրերի նկատմամբ, թեև վերջիններս շարունակաբար նախազգուշացրել են զերծ մնալ նման գործունեությունից, քանի որ նրանց կողմից արված առաջարկություններն իրենք ընկալում են որպես անբաժանելի ամբողջություն:

3-րդ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես դա տեղի ունեցավ բանակցությունների մի շարք փուլերում, մասնավորապես, 2010թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի, 2010թ. հոկտեմբերին Աստրախանի, 2011թ. մարտին Սոչիի, 2011թ. հունիսին Կազանի գագաթաժողովների ժամանակ: Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը»,-ասել է Նալբանդյանը:

Որպես 4-րդ պատճառ ԱԳ նախարարը նշել է, որ, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը:

«5-րդ, Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը` բացահայտորեն գործելով ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթին հակառակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Համանախագահները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից, վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորմանը։ Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը։

«6-րդ, բանակցային գործընթացին լուրջ հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016թ. ագրեսիայով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ` երեխաների, կանանց և տարեց անձանց նկատմամբ վայրագություններով, դիակների խեղումը, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով:

7-րդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ երկու գագաթաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվել է կյանքի կոչել այդ գագաթաժողովների շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները:

8-րդ, Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր համար մեկ թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում որպես Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են:

9-րդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանը սկսել է պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ»,-ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը նշել է, որ հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է հանգեցնել ստատուս քվոյի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը:

Նախարարը հիշեցրել է, որ Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները:

Նա հավելել է, որ եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար:

«Համոզված ենք, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա»,-ասել է Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---