ՀՀ-Իրան բարձրավոլտ գիծը էլէներգիայի արտահանումը կավելացնի 3 անգամ

ՀՀ-Իրան բարձրավոլտ գիծը էլէներգիայի արտահանումը կավելացնի 3 անգամ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Համաշխարհային բանկի առաքելության ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Կողմերն անդրադարձել են ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին և ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է, որ ենթակայանների վերակառուցումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։

«Այս համատեքսում «Երևանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաև Երևանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը», - ասել է Աշոտ Մանուկյանը

Խոսվել է նաև «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարևորվել է արևային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը և դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։

Ավելի վաղ Իրանական գազի արտահանման ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին հայտնել էր, որ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարման համար երրորդ ցանցն է կառուցվում:Իրանի գազի ազգային ընկերության ղեկավար Համիդրեզա Արաքինն էլ ասել էր, որ նոր էլեկտրական ցանցը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Նա հավելել էր նաև, որ էլեկտրացանցի շահագործումով մատակարարվող էլեկտրաէներգիայի չափը կհասնի 1.200 մՎտ-ի:

Իրանը, 2017 թվականի մարտի 21-ից ի վեր, 250 մլն խորանարդ մետր բնական գազ է արտահանել Հայաստան: Նույն ժամանակահատվածում յուրքանչյուր 1 խմ գազի դիմաց Հայաստանից 3,2 կՎտ էլեկտրաէներգիա է ստացել: 2016-ին Իրանը Հայաստանին 365 մլն խմ գազ է մատակարարել:

2007 թվականի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ: 2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է: Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---