ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված Wi-Fi Calling (Զանգ Wi-Fi-ով) ծառայության փորձնական գործարկումը: Ծառայությունը թույլ կտա ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին Wi-Fi ցանցի միջոցով զանգեր կատարել և զանգեր ստանալ հայաստանյան բջջային ու ֆիքսված բոլոր ցանցերում, իսկ արտերկրում գտնվելու դեպքում` կարելի է ներցանցային զանգեր ստանալ իրենց սակագնային պլաններով նախատեսված միևնույն սակագներով:

Ձայնային հաղորդակցություն կարող է հաստատվել նաև «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվող երկու բաժանորդների միջև. ընդամենն անհրաժեշտ է միանալ Wi-Fi ցանցերին՝ անկախ գտնվելու վայրից:

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը չի նախատեսում ռոումինգի ակտիվացում կամ հատուկ հավելվածի ներբեռնում, ինչպես տարատեսակ մեսենջերների (Viber, WhatsApp, Skype, և այլն) դեպքում: Բացի այդ՝ ի տարբերություն մեսենջերների՝ զանգ կատարած համարները արտացոլվում են հեռախոսագրքում, իսկ զանգ կատարելիս՝ բաժանորդի կողմից համարը մուտքագրվում է սովորական ձևաչափով:

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունը հարմար է հատկապես արտերկրում գտնվող այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են այցելում վայրեր, որտեղ բջջային ցանցը գերծանրաբեռնված է, թույլ է կամ բջջային ծածկույթն առհասարակ բացակայում է: Հյուրանոցներում, առևտրի և զվարճանքի կենտրոններում, մետրոյի և երկաթգծային կայաններում, գնացքներում, խանութներում, շուկաներում, սրճարաններում, խաղասրահներում և հատկապես ստորգետնյա հատվածներում, որտեղ որպես կանոն առկա է Wi-Fi ցանց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդը «Զանգ Wi-Fi-ով» ծառայության միջոցով կարող է կատարել ու ընդունել ներցանցային զանգեր այնպես, ինչպես նա դա անում է Հայաստանում գտնվելիս:

«Արտերկրում «Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օգտվելու դեպքում մեր բաժանորդն էականորեն կխնայի իր միջոցները՝ ստիպված չլինելով ակտիվացնել ռոումինգ կամ գնել այդ երկրում գործող օպերատորի SIM քարտ: Նա ընդամենը կօգտագործի սակագնային պլանով նախատեսված ներցանցային փաթեթը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ծառայությունը չափազանց հարմարավետ է նաև այն պատճառով, որ ո՛չ զանգահարողը, և ո՛չ էլ զանգն ընդունողը ստիպված չեն լինի մշտապես միացված պահել բջջային ցանցի միջոցով տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունը:

«Զանգ Wi-Fi-ով» ծառայությունից օտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հեռախոսում առկա լինի համապատասխան գործառույթը՝ արտադրողի կողմից ներդրված և ակտիվացված:

Ռալֆ Յիրիկյանը նաև նշել է, որ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան սմարթֆոնի կարգավորումներում նախ ակտիվացնել «Wi-Fi Calling»-ը, և ապա՝ Wi-Fi ցանցի միջոցով կատարվող զանգերի համար սահմանել առաջնայնություն: Արդյունքում՝ անգամ բջջային ցանցին միացած լինելու դեպքում, սմարթֆոնը Wi-Fi ցանցում գրանցվելուն պես, զանգն ավտոմատ կերպով կկատարվի «Զանգ Wi-Fi-ով» ռեժիմով: Ծառայության ակտիվ լինելու կարգավիճակը երևում է էկրանին:

Wi-Fi Calling (կամ Voice-over-Wi-Fi) ու Voice-over-LTE կամ՝ VoLTE (LTE/4G ցանցերով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունների հիմքում ձայնի փոխանցումն է IP-արձանագրության միջոցով: Տեխնոլոգիապես՝ վերը նշված երկու ծառայությունների առանցքում IMS (IP Multimedia Subsystem) համակարգն է, որն արդեն իսկ ներդրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: «Զանգ Wi-Fi-ով» ծառայության և VoLTE-ի միջոցով զանգի միացման տևողությունը կազմում է մի քանի վայրկյան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից քայլ առ քայլ իրականացվող նախագծի արդյունքում ձայնային ազդանշանի փոխանցումը, որը դեռևս իրականացվում է 2G և 3G ցանցերով միջոցով, կսկսի իրականացվել 4G/LTE ցանցով, ինչը 4G ցանցում բարձր արագություններով ինտերնետից ակտիվ օգտվող բաժանորդին զանգ ստանալու կամ զանգահարելու դեպքում հնարավորություն կտա շարունակելու աշխատել 4G ցանցում առանց ընդհատումների՝ խուսափելով 3G ցանց անցում կատարելուց: VoLTE-ի դեպքում նաև ապահովվում է ձայնի HD որակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---