ՌԴ-ն ԵԱՀԿ-ում հիշեցրել է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին

ՌԴ-ն ԵԱՀԿ-ում հիշեցրել է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին

PanARMENIAN.Net - Հարկավոր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում միջադեպերի հետաքննությանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշատական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Նա նշել է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ժնևյան հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերի կարևոր արդյունք էր:«Հուսով ենք, որ համանախագահների առաջիկա շփումները լրացուցիչ խթան կհանդիսանան այդ համակարտության կարգավորման համար»,-ասել է Լուկաշևիչը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Ըստ նրա, հատուկ նշանակություն ունի այն, որ գագաթնաժողովի արդյունքում կողմերը պայմանավորվել են խթանել բանակցային գործընթացը: Դա կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը և փոխզիջման առաջխաղացմանը կարգավորման ճանապարհին:

Նշվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայմանը խաղաղության և կայունության պահպանումն է տարածաշրջանում:

«Կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ուղղված լարվածության նվազեցմանը շփման գծում: Հույս ունենք, որ մոտալուտ ապագայում կհամաձայնեցվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ալգորիթմը մի սխեմայի հիման վրա, որը թույլ կտա որակապես բարելավել իրավիճակի դիտարկումը տարածաշրջանում»,-ասել է Լուկաշևիչը:

Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - նշել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---