Գյումրին ունի իր գույնը, ձևն ու խոսքը. Ներկայացվել է քաղաքի բրենդը

Գյումրին ունի իր գույնը, ձևն ու խոսքը. Ներկայացվել է քաղաքի բրենդը

PanARMENIAN.Net - Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը ներկայացրել է Գյումրի քաղաքի բրենդը: Այն միտված է քաղաքի կերպարն ու զարգացման հեռանկարները աշխարհին յուրովի ներկայացնելուն:

Բրենդը մշակելիս ուսումնասիրվել են քաղաքի պատմամշակութային ժառանգությունը, բիզնես միջավայրը և այլն: Ավելի քան 2000 մարդ է արտերկրից և Հայաստանից ներգրավվել հանրային քննարկումներին և հարցումներին: Ծրագրի շրջանակում ձևավորվել էր նաև աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված էին քաղաքի մշակութային, հասարակական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները:

Ըստ հեղինակների՝ իրենց հաջողվել է խտացնել Գյումրվա բոլոր շերտերն ու գույները մեկ գաղափարի մեջ: Բրենդի մշակման ընթացքում համագործակցել են Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, «Կումայրի» արգելոց-թանգարանի և Գյումրու հասարակական կազմակերպությունների հետ:

«Ծրագրի արդյունքում մշակել ենք մի բրենդ, որը կօգնի առանձնացնել Գյումրին աշխարհի քարտեզի վրա թե տեղացիների, թե արտասահմանցիների ընկալումներում: Կարևոր է միասին աշխատել, որպեսզի մշակված բրենդը նպաստի քաղաքի կայուն տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը», - ասել է Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

«Գյումրի քաղաքի բրենդ ունենալու գաղափարը վաղուց էր հասունացել։ Գյումրին հայաստանյան շատ քաղաքներից շահեկանորեն առանձնանում է մշակութային, սպորտային և զբոսաշրջային լուրջ ներուժով: Գյումրին այն փոքրաթիվ քաղաքներից է, որն ունի իր ուրույն դեմքը, իր կոլորիտն ու անկրկնելի հումորը, որոնք արդեն վաղուց դարձել են մեր քաղաքի «ոչ պաշտոնական» բրենդները: Այժմ ժամանակն է, ի մի բերելով այս բոլոր առանձնահատկությունները, մշակել քաղաքի պաշտոնական բրենդը»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

2017-ի ամռանը Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես ներդրում նախաձեռնել էր Գյումրիի բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը՝ համագործակցելով Գյումրիի համայնքապետարանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ: Հունիսի 27-ին ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը և Գյումրիի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը պաշտոնապես հայտարարել էին ծրագրի մեկնարկը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---