Facebook-ի նախկին գործադիր տնօրենը հորդորել է ավելի քիչ օգտվել սոցցանցից

Facebook-ի նախկին գործադիր տնօրենը հորդորել է ավելի քիչ օգտվել սոցցանցից

PanARMENIAN.Net - Facebook-ի նախկին գործադիր տնօրեն Չամատ Պաիհապիտյան, որը պատասխանատու էր օգտատերերի քանակի աճի համար, ներողություն է խնդրել այն բանի համար, որ աշխատել է մի ընկերությունում, որը «հսկայական վնաս է հասցնում հանրությանը»: Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում իր ելույթի ժամանակ նա խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում սոցցանցի զարգացմանը նպաստելու համար:

«Կարծում եմ, մենք գործիքներ ենք ստեղծել, որոնք խզում են հանրության բուն սոցիալական կառուցվածքը: Դա իրոք գլոբալ խնդիր է՝ հետադարձ կապի բոլոր այդ կարճ սեանսները խախտում են այն սկզբունքները, թե ինչպես պետք է մարդիկ գործակցեն: Այդ ամենը միտումնավոր չի արվել: Դուք չեք գիտակցում, բայց դուք ծրագրավորված եք: Պատկերացրեք, որ վատ տղաները կարող են հսկայական քանակի մարդկանց մանիպուլացիայի ենթարկել: Սա շատ վատ իրավիճակ է»,-ասել է Չամատ Պաիհապիտյան, գրում է Bird in Flight-ը:

Նա նաև խորհուրդ է տվել բոլորին նվազագույնի հասցնել Facebook-ի կիրառումը՝ հավելելով, որ նույնիսկ իր երեխաներին է արգելում օգտվել «այդ գարշանքից»:

«Դուք պետք է որոշեք, թե որքանով եք անկախ ինտելեկտուալ տեսակետից»,-ասել է նա:

Հետաքրքիր է, որ Չամատ Պաիհապիտյան սոցցանցի առաջին աշխատակիցը չէ, որ նման հայտարարություն է արել: Նախկինում Facebook-ի մասին քննադատաբար է խոսել սոցցանցի համահիմնադիր Շոն Փարքերը և նախկին մենեջեր Անտոնիո Գարսիա-Մարտինեսը, որը մեղադրել է սոցցանցի ղեկավարությանը ստի մեջ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---