Հայաստանցիները ևս կտեսնեն դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվող «աստղային անձրևը»

Հայաստանցիները ևս կտեսնեն դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվող «աստղային անձրևը»

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ կեսգիշերից հետո, Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը կդիտվի, PanARMENIAN.Net ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելիս, հանդիպում է երկնաքարերի խմբի, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:

«Հայաստանից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքն անզեն աչքով»,- ասում է Արեգ Միքայելյանն ու խորհուրդ տալիս ավելի գեղեցիկ տպավորություններ ստանալու համար դիտել այն Երևանից դուրս:

«Մայրաքաղաքի լույսերն ու մթնոլորտային աղտոտվածությունը թույլ չեն տալիս տեսնել հոսքն իր ողջ գեղեցկությամբ: Հոսքը դիտելու համար Երևանից որքան հեռու վայր ընտրեք, այնքան ավելի լավ», - ասում է աստղադիտարանի տնօրենը:

«Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ը, իսկ առավելագույն փուլում կարելի է մինչև 60 ասուպ տեսնել», - ասում է Միքայելյանը:

Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ավելի քան 150 տարի առաջ, 1862-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ Կաստոր աստղի մոտ՝ Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունը մոտ 35 կմ/վ է, և դրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---