$5 մլն` Վ.Սարգսյանի ռազմական ինստիտուտի վերակառուցմանը. Մեկ ռազմական համալսարանի գաղափար է քննարկվում

$5 մլն` Վ.Սարգսյանի ռազմական ինստիտուտի վերակառուցմանը. Մեկ ռազմական համալսարանի գաղափար է քննարկվում

PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» հիմնադրամը $5 միլիոն կհատկացնի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շինությունների վերանորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:

Համապատասխան՝«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համալսարանային տարածքի արդիականացման» նախագծի հուշագիրը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը:

Իր խոսքում Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական կրթության ոլորտին և այդ ուղղությամբ կատարված առաջին, նշանակալի քայլը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումն էր Դիլիջանի գերժամանակակից համալիր։ Հաջորդ փուլով խնդիր է դրվել ռազմական ինստիտուտը նույնպես համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

«Այժմ ձևավորված աշխատանքային խումբը քննարկում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ»,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` շեշտելով, որ «Իզմիրլյան» հիմնադրամը ուս.հաստատության ստեղծման օրվանից եղել է կառույցի կողքին և այսօր էլ, նոր հուշագրի ստորագրմամբ, հերթական քայլն է կատարում:

Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է շենքի հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը: ՀՀ պաշտպանության նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Սկսած 2001թ.-ից Հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայաստանում և Արցախում զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների երեխաներին» ծրագրին: Հիմնադրամն իր միջոցներով անցած տարիների ընթացքում զգալի աջակցություն է ցուցաբերել նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ենեթակառուցվածքների արդիականացման ինչպես նաև զորանոցային պայմանների բարելավման աշխատանքներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---