ՀՀ և Ֆրանսիայի դիզայներները Երևանում հագուստի նոր հոսքագիծ են բացել՝ HAYA

ՀՀ և Ֆրանսիայի դիզայներները Երևանում հագուստի նոր հոսքագիծ են բացել՝ HAYA

PanARMENIAN.Net - Հայաստանում HAYA ապրանքանիշով հագուստ է հայտնվել ոճային հագուստը նախընտրողների համար: Բրենդի հեղինակներն են ֆրանսահայ Նատալի Սևիկյանն ու Ալբերտ Գրիգորյանը Հայաստանից: Նրանք որոշել են իրենց ջանքերն ու միջազգային փորձը համատեղել հայրենիքում:

Ինչպես PanARMENIAN.Net -ին է ասել Ալբերտը, հագուստի հոսքագիծը կներառի ինչպես առօրյա հարմարավետ իրեր, այդպես էլ երեկոյան, տոնական և լողափնյա հագուստ և աքսեսուարներ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար:

«Հագուստը կարվում է Երևանում: Մենք թողարկում ենք ոճային, նորաձև, հարմարավետ և մատչելի հագուստ, որը հասանելի կլինի բնակչության լայն շերտերին: Մեզ հաջողվել է հասնել հագուստի մեջ ազգային առանձնահատկությունների և արդիականության իդեալական համադրության: Մեր կարգախոսն է. «Հաջող տեսք՝ լավ զգացողություն»: Ապրանքանիշի գաղափարն է՝ լինել ժամանակի, տարածության և եղանակի սահմաններից դուրս»,-ասել է նորաձև բրենդի համահիմնադիրը:

Ըստ նրա, 2017-ի սեպտեմբերին հիմնված ապրանքանիշը HAYA է կոչվել հին հունական դիցաբանության մեջ երկրի աստվածուհի՝ Հայայի պատվին: Ապրանքանիշի փիլիսոփայությունն է հնարավորինս սեր, խաղաղություն և ազատություն հաղորդել բոլորին:

«Մենք չենք ցանկանում հետևել կարծրատիպերին՝ ստեղծելով աշուն-ձմեռ, գարուն-ամառ հավաքածուներ, մենք ստեղծում ենք հագուստի շարունակական հոսք: Մենք կարտադրենք նաև սահմանափակ հավաքածուներ տարբեր թեմաներով՝ գործակցելով տարբեր արվեստագետների ու ոճաբանների հետ»,-ասել է Ալբերտը՝ նշելով, որ իրենց նպատակն է կարողանալ հաջողությամբ մրցակցել հայկական շուկան գրաված հագուստի արտասահմանյան բրենդերի հետ:

Այժմ HAYA բրենդի հագուստը հասանելի է ապրանքանիշի շոու-ռումում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---