Անկարայի արձագանքը ՀՀ հայտարարությանը. Արձանագրությունները դեռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում են

Անկարայի արձագանքը ՀՀ հայտարարությանը. Արձանագրությունները դեռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում են

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դեկտեմբերի 13-ին Աթենքում ցյուրիխյան արձանագրությունների մասին արված հայտարարությանը, համաձայն որի «2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի արտգործնախարարը, հիշեցնենք, խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ասել էր. - «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»:

Անկարան հակադարձում է. «Նալբանդյանն ասել է, թե Թուրքիան է պատասխանատու այդ Արձանագրությունների վավերացման հետաձգման համար: Այս պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը և նպատակ ունեն մոլորության մեջ գցելու համաշխարհային հասարակական կարծիքը», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությունում նշում է, թե Թուրքիան հետամուտ է եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը մի քանի մակարդակով այն պահից, երբ 1991-ին Հայաստանն անկախ պետություն հռչակվեց:

«Չնայած Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է Արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս Արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Դրանց վավերացման համար, կարևոր է, որ Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն ապահովվի: Այս պարագայում անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա: Ամեն դեպքում, Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների ներխուժմանը», - ասված է հայտարարությունում:

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության վերջին հատվածում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը։ Այստեղ նշվում է, թե Էդվարդ Նալբանդյանի ելույթում «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---