Սարգսյան. Ինձ համար ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ

Սարգսյան. Ինձ համար ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար երկխոսությունն Արևմտյան և Արևելյան ուղղություններով երբեք չի դիտարկվել որպես հակադրություն, մշտապես համոզված ենք եղել, որ պետք է գործակցել երկուսի հետ էլ: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի առողջ տրամաբանության հաղթանակ է՝ ցուցաբերված և Եվրամիության, և ՀՀ կողմից:

«Եթե հիշում եք` Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին, նույն ժամանակահատվածում, նույնիսկ դրանից մի քիչ ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ Եվրամիության հետ բանակցությունների առաջին փուլը սկսում էինք, անկեղծորեն մեր եվրոպացի գործընկերներին ասացինք, որ` տեսեք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը, և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է ՌԴ-ի հետ, իհարկե, նաև ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Ասացինք, որ չենք կարող բանակցել մի թեմայի, մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին»,- նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ԵՄ գործընկերներն ընդունեցին այդ մոտեցումը։ Տևական բանակցություններից հետո, ըստ երկրի ղեկավարի, եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել, թե` «Եվրասիական տնտեսական միության այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին»:

«Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու տնտեսական շուկաների միջև: Եվ երբ մարդիկ խոսում են ու ասում՝ իբրև 1 գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար սա, իհարկե, շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն, քննարկումները կան, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԵՄ և ԵԱՏՄ արտահանման ծավալի աճին, նախագահն ասել է, որ մեր արտահանումների 28%-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, իսկ դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային:

«6200 ապրանքատեսակի գծով մենք Եվրամիությունում ունենք արտոնյալ պայմաններ, այսինքն՝ դրանք մաքսազերծվում են կամ զրոյական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորն ապրանքն արտադրելն է»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն պետք է կարողանա ավելի շատ, որակյալ և մրցունակ ապրանք արտադրել, ու այդ ժամանակ արտահանման համար որևէ խոչընդոտ չի լինի, չնայած այսօր էլ որևէ խոչընդոտ չկա. «ով արտադրում է մրցունակ, որակյալ ապրանք, հանգիստ իր ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում ու այլ շուկաներում»:

Նախագահը եզրափակել է, որ այս համակարգը ՀՀ համար շատ օգտակար է, այդ համակարգն է, որ հնարավորություն է տալիս առևտրաշրջանառության գրեթե 1/3 ունենալ ԵՄ «պահանջկոտ շուկայում»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---