Ազնավուր. Անունս իմ փոխարեն է փայլում՝ դա զայրացնում է

Ազնավուր. Անունս իմ փոխարեն է փայլում՝ դա զայրացնում է

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը խոստովանել է, որ իրեն զայրացնում է սեփական փառքը: «Ես շատ եմ կարդում: Օրինակ, Գոնկուր: Կարդում եմ, որովհետև դա գիտելիք է տալիս: Ես կարդացել եմ ամբողջ Բալզակին, Դյումային, Հյուգոյին: Ես գնել եմ Անատոլ Ֆրանսի աշխատությունների ամբողջական հրատարակությունը, բայց դեռ չեմ կարդացել: Ես դա չեմ անում հանրության շրջանում փայլելու համար, ինձ դա աշխատանքի համար է հարկավոր: Անունս իմ փոխարեն է փայլում և դա զայրացնում է»,- խոստովանել է նա Le Figaro-ին տված հարցազրույցում, գրում է Sputnik-Արմենիան:

Ազնավուրը 93 տարեկանում հերթական շրջագայությունն է սկսել Ֆրանսիայով: Առաջին համերգը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Բերսիում, որտեղ երգիչը մինչև 20.000 հանդիսատես է հավաքել:

«Ինչքա՞ն մարդ կար, 20 հազա՞ր: Բեռլինում ես 150.000 մարդ եմ հավաքել, երկու անգամ Հոլիվուդում՝ 36.000, Նանտի մոտ՝ 40.000»,-ասել է Ազնավուրը:

2018-ի հունվարի 20-ից փետրվարի 6-ը Ազնավուրը հանդես կգա համերգներով Փարիզում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում և Լիլլում: 2018-ի գարնանը նա համերգներ կունենա Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---