ԵԱՀԿ-ն կոչ է անում Բաքվին դադարեցնել լրագրողների քրեական հետապնդումը

ԵԱՀԿ-ն կոչ է անում Բաքվին դադարեցնել լրագրողների քրեական հետապնդումը

PanARMENIAN.Net - Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի վերաբերյալ կայացված դատավճռի առնչությամբ:

Դեկտեմբերի 15-ին Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը Օրուջևին դատապարտել է 6 տարվա ազատազրկման ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար:

«Կոչ եմ անում իշխանություններին վերանայել Ազիզ Օրուջևի դատավճիռը և դադարեցնել նրա ազատությանն ու անվտանգությանը սպառնացող սահմանափակող միջոցները: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի վերաքննիչ բողոքի ընթացքում»,- նշել է Դեզիրը, հայտնում է Panorama.am-ը ԵԱՀԿ մամուլի ծառայության վրա հղումով:

Վերջինս նաև կրկին իր մտահոգությունն է հայտնել Թբիլիսից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքի առնչությամբ։

«Չնայած այն լրջագույն տեղեկություններին, որ Մուխթարլին առևանգվել է, և Ադրբեջանում նրա հանդեպ ներկայացվել են շինծու մեղադրանքներ՝ Մուխթարլին պահվում է անազատության մեջ, ինչը մտահոգիչ է: Կոչ եմ անում իշխանություններին վերացնել լրագրողի հանդեպ բոլոր մեղադրանքները և հարգել նրա ազատ արտահայտման իրավունքը»,- նշել է Հարլեմ Դեզիրը:

Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Թբիլիսիում ձերբակալվել են նաև ադրբեջանցի ընդդիմադիրներ Դաշթըն Աղալարլին ու Լեյլա Մուսթաֆաևան. նրանք դեռևս չեն արտահանձնվել: Բացի այդ, մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել էր ընդդիմադիր «Ադրբեջանի Ազգային ճակատի կուսակցության» փոխնախագահ Գյոզալ Բայրամլին:

Նա նաև շեշտել է, որ լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը, ինչպես նաև երկրից դուրս գալու սահմանափակումը լուրջ քայլեր են, որոնք խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Դեզիրը նաև հիասթափություն է հայտնել Բաքվի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման առնչությամբ, որով պահպանվում է բլոգեր և Լրագրողների պաշտպանության և անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի՝ երկու տարվա ազատազրկման որոշումը: Նա կոչ է արել ազատ արձակել վերջինիս։

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015-ի մարտի 6-ը բանտում պահվել անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: 2015-ի սեպտեմբերին նա դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման։ Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։ 2016-ի մայիսի 25-ին լրագրողը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարել էր, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից՝ լրագրողական հետաքննություններ անցկացնելուց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---