19 դեկտեմբերի 2017 - 13:21 AMT
Facebook-ի ալգորիթմերն օգտատերերից թաքցրել են մահամերձ ընկերոջ գրառումները

ԱՄՆ Սիեթլ քաղաքի բնակչուհի Կերեն Վայնիոն մեղադրել է Facebook-ին իր ընկերոջ` մահից առաջ արվածգրառումները թաքցնելու մեջ: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Ես ուզում եմ կիսվել իմ ընկերոջ մահվան պատմությունով, որի մասին ես չեմ իմացել ալգորիթմերի պատճառով»,-ասել է Վայնիոն:

Ըստ նրա, ընկերը, ում հետ Վայնիոն շփվում էր Facebook-ում տարիներ շարունակ, մահացել է՝ դրանից առաջ գրառումներ կատարելով առողջական խնդիրների և հոսպիտալացման մասին: Այնուամենայնիվ,ինչպես պնդում է կինը, նա չի տեսել այդ գրառումները: «Այն մասին, որ ընկերս մահացել է, ես իամացել եմ մեկ այլ ընդհանուր ընկերոջ էջից: Ես շոկի մեջ էի»,-գրել է նա:

Վայնիոն նշել է, որ չէր կարող չնկատել ընկերոջ մահից առաջ արված գրառումները, քանի որ շատ մանրակրկիտ է ստուգում իր լրահոսը սոցցանցում: «Ես միշտ դրանք ըստ ժամանակացույցի են դասում և թերթում եմ այնքան, մինչև որ հասնում եմ այն լուրին, որն արդեն տեսել էի»,-պարզաբանել է կինը, գրում է Lenta.ru-ն:

Նա հավելել է, որ իր մյուս ընկերները ևս չեն տեսել հոսպիտալացման մասին գրառումն ու բոլորը շոկի մեջ էին: «Մենք ոչինչ չգիտեինք և չկարողացանք օգնել նրան: Իսկ ավելի վատն այն է, որ ոչ մի կարեկից բան չասացինք: Երբ նա մահանում էր, հավանաբար, մտածել է, որ մենք թքած ունենք նրա վրա: Իսկ մենք ուղղակի չենք իմացել»,-ասել է Վայնիոն:

Նրա գրառումն ավելի քան 8.000 հավանություն է ստացել, 6.000 անգամ վերահրապարակվել է և գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը: Մարդիկ քննադատել են Facebook-ի ալգորիթմերը: Ըստ նրանց, սոցցանցը թաքցրել է մահացող ընկերոջ հաղորդագրությունները, քանի որ նա քիչ գրառումներ է կատարել սոցցանցում և ակտիվ օգտատեր չի եղել:

Օգտատերերից շատերը նմանատիպ պատմություններ են ներկայացրել, երբ Facebook-ն անուշադրության է մատնել կենսական կարևորության գրառումները: