Ինչ էր կատարվում, մինչ բոլորն օլիվյե էին ուտում

Ինչ էր կատարվում, մինչ բոլորն օլիվյե էին ուտում

PanARMENIAN.Net - Կարճ այն մասին, թե ինչ է կատարվել ամանօրյա արձակուրդի ժամանակ Հայաստանում ու աշխարհում առհասարակ:

Հայաստանում ուժի մեջ մտավ նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք այլ նորամուծությունների հետ մեկտեղ քաղաքացիներից պահվող եկամտահարկի փոփոխություն է նախատեսում. առիթ ունեցել ենք պատմելու՝ ինչպես է հարկվում միջին վիճակագրական հայն ու միջին վիճակագրական եվրոպացին։

Արձակուրդի վերջին օրը՝ հունվարի 7-ին, «Աջ ղեկ» նախաձեռնությունը ցույց արեց՝ պահանջելով կասեցնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ որոշումն ու դրանց վերագրանցման արգելքը։ Ցուցարարները խոստանում են պայքարել մինչև վերջնական արդյունքի հասնելը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր տարին սկսեց կրակոտ թվիթներով ու մի քանի սկանդալով. նախ, մեղադրեց պակիստանցիներին միլիարդավոր դոլարների ամերիկյան օգնությունը մսխելու ու ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ: Այնուհետև` պաղեստինցիներին, միլիոններ ստանալու ու Իսրայելի հետ չբանակցելու համար: Ու, վերջիվերջո, ատոմային հարվածի սպառնալիքներով փոխանակվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ասելով, որ «իր ատոմային կոճակը շատ ավելի մեծ է, քան նրանը, ու աշխատում է»:

Իրանում ճնշվեց ձվի գների թանկացման դեմ ցույցերից սկսած ու հակակառավարական բախումների վերաճած բողոքի ալիքը։ Բախումներում զոհվեց առնվազն 21 մարդ, մոտ 450-ը՝ ձերբակալվեց․ ոմանց կարող է մահվան դատավճիռ սպառնալ «Ալլահի դեմ ապստամբելու» մեղադրանքով։

Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազան էլ առնվազն 2 հարձակման թիրախ դարձավ․ նախ, տարվա վերջին օրերին այն ականակոծվեց, ինչի հետևանքով 2 զինծառայող զոհվեց, մի քանի օդանավ՝ վնասվեց, տեղեկացնում էր «Կոմերսանտը»։ Իսկ հունվարի 6-ին, BBC հաղորդմամբ, ավիաբազայի վրա ինքնաշեն դրոնների գրոհ կազմակերպվեց, որը զինծառայողները կասեցրին։ Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:

2017 թվականի ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հայտնի է՝ մոտ 3,5 մլն։ Ցուցանիշը մոտ 30%-ով ավելի է 2016-ի թվից: Ընդամենը` ներառյալ տրանզիտի նպատակով ու 24 ժամից պակաս երկրում գտնվող քաղաքացիները, երկիր է այցելել մոտ 7,5 մլն արտասահմանցի, առաջին տեղում հայերն են:

Իսկ Սահակաշվիլին Վրաստանում հեռակա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց 2006-ին Սանդրո Գիրգվիլիանիի աղմկոտ սպանության համար դատապարտվածներին պատժից խուսափելու մեջ օժանդակելու համար։

Դուբայում էլ պաշտոնապես բացվեց Dubai Frame-ը` նկարի շրջանակի տեսքով նոր երկնաքերը։ 150-մետրանոց շինության կառուցումը նախագծի ստեղծումից մոտ 10 տարի է տևել: Բուն շինարարությունը մեկնարկել էր 2013-ին ու արժեցել մոտ $43 մլն։

2040-ին ԱՄՆ-ում մահմեդականները մեծությամբ երկրորդ կրոնական համայնքն են լինելու` առաջ անցնելով հուդայականներից, պարզել է PEW-ն: Սակայն նրանց թիվը մեծ չի լինելու. 2050-ին նրանք բնակչության ընդամենը 2,1%-ն են կազմելու։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---