Tesla-ի Model 3-ին մրցակից «խելացի» էլեկտրամեքենա է ներկայացվել

Tesla-ի Model 3-ին մրցակից «խելացի» էլեկտրամեքենա է  ներկայացվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Byton մեքենաշինական ընկերությունը Լաս Վեգասում կայացած CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել է իր «խելացի» էլեկտրամոբիլը: Այս մասին գրում է BBC-ն:

Նախագծի վրա աշխատել են BMW և Apple ընկերությունների նախկին աշխատակիցները:

Մեքենան ունի սենսորային մեծ էկրան, որը կարելի է կառավարել ինչպես հպման, այնպես էլ ձայնային հրահանգների և ժեստերի միջոցով: Մեքենայի նստատեղերին ամրացված են էկրաններ, որոնցով կարելի է դիտել տեսանյութեր, քարտեզներ, օրացույցներ և ստանալ այլ տեղեկություններ:

«Մենք ցանկանում ենք լինել առաջին ընկերությունը, որը կթողարկի «խելացի» էլեկտրական մեքենա»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Կարսթեն Բրեյթֆիլդը:

Մեքենայի ներսում տեղադրված են տեսախցիկներ, որոնք կարող են որոշել ուղևորի ինքնությունը, գրանցել նրա տվյալները: Մեքենան ունի նաև ինքնակառավարման համակարգ, որը միացնելու դեպքում կարելի է փոխել նստատեղերի դիրքը՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելով:

BBC-ի թղթակից Դեյվ Լին գրում է, որ չնայած մեքենան հզորությամբ չի կարող մրցել էլեկտրամոբիլների արտադրությամբ զբաղվող առաջատար Tesla ընկերության մեքենաների հետ, այնուամենայնիվ այն ներկայանում է մի շարք նորարարություններով:

«Ընկերությունում հույս ունեն, որ մարդիկ ապագայում կգտնահատեն «թվային ուժը», ոչ թե ձիաուժը», - գրում է հեղինակը:

«Խելացի» մեքենան արժե $45.000, մինչդեռ Tesla-ի Model 3-ի արժեքը $35.000 է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---