Հայաստանի պետական սիմֆոնիկը հայկական երաժշտություն կներկայացնի Elbphilharmonie-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկը հայկական երաժշտություն կներկայացնի Elbphilharmonie-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (նախկինում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ) 2018թ. առաջին հյուրախաղը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կայանալու է մարտի 28-ին Գերմանիայում՝ դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Elbphilharmonie (Էլբֆիլհարմոնիայի) Մեծ դահլիճում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Էլբֆիլհարմոնիայում ներկայացնելու է հայկական երաժշտություն. երեկոյի առաջին մասում երաժշտասերները կունկնդրեն համաշխարհային պրեմիերա՝ Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտը, մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, երկրորդ հատվածում հնչելու է Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ Զանգերով սիմֆոնիան։

Համերգի տոմսերը դեռևս 2017թ. դեկտեմբերից վաճառված են։

Elbphilharmonie-ում հյուրընկալվում են աշխարհի լավագույն նվագախմբերը, դիրիժորներն ու արտիստները, այդ թվում՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերը, Սեմյոն Բիչկովը, Քենթ Նագանոն, Քրիստոֆ Էշենբախը, Ալան Գիլբերթը, Վլադիմիր Յուրովսկին, Թոմաս Հենգելբրոքը, Ռիչարդ Գալիանոն, Ջոն Մալկովիչը, Վադիմ Ռեպինը, Ջորդոն Կրեմերը, Գոտիե Կապյուսոնը և այլն։

Էլբֆիլհարմոնիայում մատուցվում է տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն` սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ջազ, ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Elbphilharmonie-ն գտնվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Համբուրգում, Էլբայի ափին։ Այսօր այն Եվրոպայի զբոսաշրջային և մշակութային ամենահայտնի օջախներից է։ Ջրի վրա լողացող նավ հիշեցնող Էլբֆիլհարմոնիան ինքնատիպ մի կառույց է՝ ճարտարապետության նորարարական լուծումներով։ Միլիոնավոր այցելուներ ունեցող բազմաֆունկցիոնալ այս շինությունն աչքի է ընկնում լավագույն չափանիշներով կառուցված և հիանալի ակուստիկա ունեցող համերգասրահներով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---