«Նաիրիտում» քիմնյութերի պահպանման խնդրով Երևանի դատախազը դիմել է նախարարներին

«Նաիրիտում» քիմնյութերի պահպանման խնդրով Երևանի դատախազը դիմել է նախարարներին

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանում քիմիական նյութերի պահպանման անվտանգությունը բարձրացնելու խնդրով Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը դիմել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին:

Գրությամբ հորդորվում է քննարկման առարկա դարձնել արձանագրված խախտումները, դրանք ծնող պատճառները և միջոցներ ձեռնարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանության գործում ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Արդյունքների մասին նախատեսվում է իրազեկել Երևան քաղաքի դատախազությանը:

2017թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտի» դյուրավառ նյութերի պահպանումն իրականացնող աշխատակիցների կողմից դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու հետևանքով հրդեհ էր բռնկվել: Այրվել էին ընկերության տեղամասերից մեկի դյուրավառ նյութերի պահեստավորման տարողություններում առկա քիմիական լաք-էթինոլ դյուրավառ նյութը, հարակից տարածքի չոր բուսածածկույթը, մասամբ փլուզվել էին բետոնյա տարողությունների տանիքները, դեֆորմացվել էին տանիքի մետաղական ճաղավանդակները:

ՀՀ ԱԻն Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից դեպքի առթիվ նախապատրաստվել էին նյութեր, որոնց հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմինը 2017թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ ՀՀ ՔՕ 240-րդ հոդվածով նախատեսված ծանր հետևանքի վրա հասած չլինելու պատճառաբանությամբ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է այդ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքը, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---