Փոխնախարար. Եթե դիզվառելիքի թանկացումն էապես ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա, սուբսիդավորման ծրագիր կմշակվի

Փոխնախարար. Եթե դիզվառելիքի թանկացումն էապես ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա, սուբսիդավորման ծրագիր կմշակվի

PanARMENIAN.Net - Գյուղմթերքի թանկացումների հետ կապված ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կոնկրետ հանձնարարականներ են տրվել գերատեսչություններին, առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով սոցիալական ապրանքների ցանկը, ինչպես նաև համալիր ծրագիր՝ տեղական արտադրության խթանման ու ներմուծման փոխարինման ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն՝ անդրադառնալով թանկացումներին։

Նրա խոսքով՝ թանկացումները եղել են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով. եղել են ապրանքներ, որոնք թանկացել են, կան նաև ապրանքներ, ըստ փոխնախարարի, որոնք 2016-ի դեկտեմբերի համեմատ 2017-ի դեկտեմբերին էժանացել են, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով վառելիքի շուկայում արձանագրված թանկացումներին՝ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ դիզվառելիքի թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա:

«Եթե դիզվառելիքի թանկացումն էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա կմշակվի սուբսիդավորման ծրագիր: Օրինակ, ըստ նախնական հաշվարկների՝ վառելիքի թանկացումը բերելու է կարտոֆիլի ինքնարժեքի ընդամենը 2 դրամով ավելացման: Այսինքն՝ դիզվառելիքի այս թանկացումը չի կարող էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի գների վրա: Դրա համար մենք կատարելու ենք վերլուծություններ, գների մոնիտորինգ գյուղմթերքի շուկաներում: Եթե խնդիրը լինի ռիսկային, ապա սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա ՀՀ նախագահի հանձնարարականը»,- ընդգծել է Ռոբերտ Մակարյանը։

«2017-ին տարին չորային էր, ոռոգման հետ կապված խնդիրներ կային և որոշ ապրանքատեսակների գները բարձրացել էին: Բայց դա, կարծում ենք, ժամանակավոր երևույթ է, քանի որ նույն կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբերին, բայց գյուղացիական տնտեսություններն ունեն բերքի համապատասխան քանակ, և առաջիկայում ապրանքը շուկա կմտնի, ու գների էժանացում կլինի»,- ասել էՌոբերտ Մակարյանը:

Նա նշել է նաև, որ նախատեսվում է գյուղատնտեսության նախարարի հանդիպումը պանիր, թռչնամիս արտադրողների հետ, որպեսզի հասկանան, թե ինչով է պայմանավորված գների բարձրացումը: «Օրինակ՝ եղել է տավարի մսի թանկացում, որը հիմնականում պայմանավորված է կերի թանկացման հետ, բացի այդ, եթե գյուղացիները տեսնում են պահանջարկ կա, ապա սկսում են գները բարձրացնել»,-հայտնել է փոխնախարարը:

Հունվարի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանըխորհրդակցություն է անցկացրել` մի շարք ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:Սերժ Սարգսյանը ասել, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով տնտեսական մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման խիստ մշտադիտարկում: Նա պահանջել է նաև գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետևանքների մեղմմանը և հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---