2017-ի պետբյուջեն գերակատարվել է՝ եկամուտներն աճել են 5,6%-ով

2017-ի պետբյուջեն գերակատարվել է՝ եկամուտներն աճել են 5,6%-ով

PanARMENIAN.Net - 2017 թ. պետական բյուջեն գերակատարվել է՝ պետք է հանրությանն իրազեկել: Այդ մասին հայտարարել է վրչապետ Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարությունում՝ ծանոթանալով 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով:

Նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, հիմնականում իրականացվել են: 2017 թ. ավելի մեծ շեշտադրում կատարվել է կապիտալ ծախսերին և ավելի պահպանողական վարքագիծ է եղել ընթացիկ ծախսերի մասով:

Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի մոտ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

Արամյանի խոսքով՝ 2018 թ. սկսած, պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող նոր հարկաբյուջետային կանոնների ներդրման նպատակով մշակվել է հարկաբյուջետային կանոնների փաթեթ, ինչի հիման վրա նախատեսվում է վերանայել պարտքի և դեֆիցիտի գործող կանոնները, ինչպես նաև պետական բյուջեի ծախսերի մասով սահմանել նոր հարկաբյուջետային կանոններ:

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին:

2017 թ. արտաքին առևտրի մասով, նախորդ տարվա համեմատ, արտահանման աճը, ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով, կկազմի մոտ 23.5 տոկոս, իսկ ներմուծումը կաճի մոտ 28 տոկոսով: Տարվա արդյունքներով դրամական փոխանցումների աճը գնահատվում է 13.4 տոկոս: Ընթացիկ հաշվի պակասուրդը կկազմի ՀՆԱ շուրջ 4 տոկոսը` մոտենալով իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը՝ 2018-ի համար չափազանց կոշտ դիտարկել ծախսերը: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանն անդրադարձել է պետական ապարատի ծախսերի կրճատման խնդրին՝ նշելով, որ այն մեծ է, քան պետք է լինի, բայց այդ մեծությամբ հանդերձ պետական կառավարման մակարդակը լավագույնը չէ: «Պետական ապարատի կրճատումը, ոչ լավագույն մասնագետներով համալրումը կառավարումը չի լավացնի: Լավ մասնագետներին շուկայից բերելը թանկ է, խնդիր է, որը մինչև չլուծենք, չենք ունենալու լավ կառավարում, և դրա համար մենք պետք է ունենանք ստրատեգիա: Մենք Տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների բազայի վրա փորձնական ծրագիր ենք անում, որի արդյունքները այս եռամսյակի վերջ կունենանք, և եթե այդ բանաձևն աշխատի, պետք է նման ձևով տարածենք մնացած նախարարությունների վրա», - նշել է վարչապետը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական բերենք, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---