Աղվան Վարդանյան. ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել

Աղվան Վարդանյան. ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով, հայտնում է Aysor.am-ը։

«Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ իր՝ Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել», - նշել է նա։

Աղվան Վարդանյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ էլ կքննարկեն իրենց հուզող հարցերը։

Վարդանյանը նաև շեշտել է, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական փոփոխություններ են նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, արդյոք կա այլ թեկնածու, ում իրենք տեսնում են նախագահի պաշտոնում՝ Աղվան Վարդանյանը նշել է, որ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը, մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց շարքում կային մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։

Պատասխանելով այն հարցին, թե Արմեն Սարգսյանը երկար տարիներ չի ապրել Հայաստանում և արդյոք օրենքի խախտում չէ նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ Աղվան Վարդանյանը պատասխանել է, որ դրանք արհեստական բարդություններ առաջացնող հարցեր են, քանի որ ցանկացած դեսպանատան տարածք, տվյալ երկրի տարածքն է համարվում։

Հունվարի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ՀՀ 4-րդ նախագահի՝ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը։ Ինչպես շատերն էին կանխատեսում, դա Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է։ ԽՍՀՄ անկումից հետո Սարգսյանը հիմնադրել է Լոնդոնում ՀՀ դեսպանատունն ու դարձել առաջին դեսպանը Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում: 996 թվականի նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի 5-րդ վարչապետը, սակայն, պաշտոնավարելով ընդամենը 4 ամիս, 1997 թվականի փետրվարի 28-ին հեռացել է:

Սարգսյանը 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է, եղել է բրիտանական նավթային հսկա British Petroleum-ի, Alcatel-ի, Telefonica-ի և այլ ընկերությունների խորհրդատու: Նրա անվան հետ են կապում Արևմուտքի և եվրասիական տարածաշրջանի էներգակիր երկրների միջև կնքված մի շարք խոշոր համաձայնագրեր: 2013-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Lydian International հանքարդյունաբերական ընկերության տնօրեն: Ընկերությունը շահագործում է Ջերմուկի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը:

Ընթերցեք նաև. Tetris, նավթ և Ամուլսար.Ինչով է հայտնի ՀՀ ամենահավանական 4-րդ նախագահը

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---