Թուրքերը գրոհում են Աֆրինի ուղղությամբ. Քրդերը կոչ են արել ՌԴ-ին կասեցնել գործողությունը

Թուրքերը գրոհում են Աֆրինի ուղղությամբ. Քրդերը կոչ են արել ՌԴ-ին կասեցնել գործողությունը

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը նոր հարձակում են սկսել Աֆրինի ուղղությամբ՝ Ազազի կողմից: Քրդերի ինքնապաշտպանական ուժերի՝ YPG-ի, ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին թուրքերի ռազմական գործողությանը սիրիական Աֆրինում հավանություն տալու մեջ: «ՌԴ-ն ևս պատասխանատու է այս հարձակման ու խաղաղ բնակչության զոհերի համար»,- ասվում է YPG հայտարարության մեջ:

Ըստ YPG տվյալների, Ռուսաստանն իր զինծառայողներին Աֆրինից տեղափոխել է Սիրիայի այլ շրջան՝ միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով հակամարտության սրման վերաբերյալ:

Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցիչ Ռոդի Օսմանը կոչ է արել Ռուսաստանին կասեցնել Թուրքիայի գործողությունը սիրիացի քրդերի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իսկ YPG քուրդ մարտիկների գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն մեղադրել է Ռուսաստանին դավաճանության մեջ, քանի որ վերջինս չի համոզել Անկարային հրաժարվել Աֆրինի վրա հարձակումից: Նա հավելել է, որ հատկապես քրդերը հիասթափված են ռուսներից: «Ռուսաստանը հիմա թուրքական պետության դաշնակիցն է և մեզ հետ պատերազմի եզրին է...Մենք պայմանավորվածություններ ունեինք ՌԴ հետ, սակայն, նա անտեսեց դրանք՝ դավաճանելով մեզ»,-ասել է Հեմոն, գրում է Lenta.ru-ն:

Նա հավելել է, որ այժմ քրդերը տեսան Մոսկվայի իրական դեմքը, իսկ ՌԴ-ն դարձել է անսկզբունքային պետություն:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտան սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Քրդերը նահանջում են:

Օսմանը նշել է, որ Աֆրինի գրավումը թուրքական զորքերի կողմից մոտ 1 մլն մարդու կյանք է վտանգում: Ըստ նրա, բնակչությանը զանգվածային սպանդ է սպառնում Թուրքիայի զինվորականների կողմից:

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---