Էրդողանը կրկին հիշել է արխիվների մասին՝ խոսելով ցեղասպանության մասին

Էրդողանը կրկին հիշել է արխիվների մասին՝ խոսելով ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հակառազմական կոչերով հանդես եկող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցությանը (ԺԴԿ-HDP)։ Թուրքական Karınca թերթի կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է իշխող կուսակցության կանանց թևի՝ Բուրսայում կայացած 5–րդ հերթական կոնգրեսի ժամանակ։

Իր ելույթում Թուրքիայի նախագահն ասել է, թէ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կատարվել է թուրքերի դեմ»։ «Հայկական պնդումները բարձրաձայնողներին մենք տարիներ շարունակ առաջարկեցինք բացել ախիվները, բայց մեր առաջարկը ոչ ոք չընդունեց»։

Անդրադառնալով Աֆրինի ռազմական գործողությունների մասին HDP-ի խաղաղարար կոչերին` Էրդողանն ասել է․ «Եթե սխալմամբ հրապարակ դուրս եկողներ լինեն, շատ թանկ կվճարեն։ Քանի որ սա ազգային պայքար է։ Այս ազգային պայքարի ընթացքում ով էլ որ մեր դեմ դուրս գա մեզ, կճզմենք, կանցնենք։ Հիմա մենք քայլ առ քայլ հետևում ենք ձեզ, որտեղ հրապարակ դուրս գաք, իմացեք, որ մեր անվտանգության ուժերը ձեր գլխին կանգնած են», գրում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Աֆրինում թուրքական ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները վճռականորեն շարունակվելու են․ «Մենք հետքայլ չենք անի, մենք մենակ չենք», -նշել է նա։

Էրդողանը նման հայտարարություն էր արել նաև 2015-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի առթիվ, Ստամբուլում՝ Օսմանյան արխիվի շենքում, աշխարհի արխիվների ղեկավարների՝ «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» համագումարի և ցուցահանդեսի բացման ժամանակ.«Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են»,-ասել էր նա: Ի պատասխան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը ասել էր. «Կարծում եմ, որ նա բավականաչափ տեղեկացված է պատմական իրողություններին ու փաստաթղթերի այն հոծ բազմությանը, որը պահվում է թուրքական արխիվներում, կամ հենց հայկական արխիվներում, որոնք բազմիցս ուսումնասիրվել են նաև թուրք հետազոտողների կողմից, և միջազգային բազմաթիվ կենտրոններում»:

Հայերի, ասորիների ցեղասպանության մասին նյութերի հասանելիության տեսակետից թուրքական արխիվների բաց լինելու մասին պնդումները հեռու են իրականությունից: «Այո՛, արխիվները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար», - ժամանակին գրել է Devrimcikaradeniz.com-ը:

ՌԴ Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ Սերգեյ Նարիշկինը 2016-ին հայտարարել էր. «Մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Թե ինչ «կմախքներ» են պահվում Թուրքիայի պահարաններում և արխիվներում դժվար է նույնիսկ մտածել, առավել ևս, որ արխիվները փակ են ոչ միայն օտարերկրացի հետազոտողների, այլ նաև թուրք պատմաբանների համար: Արխիվ կարելի է մուտք գործել միայն հատուկ թույլտվություն ստանալու դեպքում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---