6 մարտի 2008 - 13:13 AMT
ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ճանապարհին
«Վերջերս Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մտահոգում են մեզ, ես ի նկատի ունեմ ցույցերը, անկարգությունները, դրանց ճնշումը, արտակարգ դրություն հայտարարելը: Մենք կքննարկենք այդ հարցերը Հայաստանի հետ մեր բանավեճերում եւ խորհրդակցություններում»,-Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիրն է եւ նա ունի ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիր (IPAP):

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը բարեփոխումների ճանապարհին, մասնավորապես, այն հարցում, ինչ վերաբերում է օրենքի գերակայությանն ու առաջընթացին ժողովրդավարության ոլորտում: Մյուս կողմից, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության առանձին խնդիրը: Մենք ուշադիր հետեւում ենք բանակցային գործընթացում գրանցված առաջընթացին, որը վարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, մասնավորապես, այն փաստաթղթի քննարկումը, որ նախապատրաստել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Մենք նշում ենք, որ որոշակի առաջընթաց կա: Ճիշտ է, եղել են բռնության որոշ ակտեր, բախումներ սահմանին: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ կարգավորման շանսեր կան: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,-ընդգծել է Սիմոնսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: