Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները կարող են շատանալ

Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները կարող են շատանալ

PanARMENIAN.Net - Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվերթների շաբաթական քանակը կարող է ավելանալ, այդ հնարավորությունը քննարկվում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթներ կազմակերպելու հնարավորությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարապետյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տարանցիկ ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթների ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---