Միքայել Հարությունյանը Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին ծանոթացրել է երկրի ներքաղաքական զարգացումների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական զարգացումների եւ Ադրբեջանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում վերջերս սրված իրադրության վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ճեպազրույցի էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված այն ռազմական կցորդներին ու դեսապնությունների ներկայացուցիչներին, որոնց նստավայրը Երեւանն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Միքայել Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար եւ իր ներածական խոսքում մանրամասնորեն անդրադարձավ խնդրո առարկա թեմաներին: Նախարարը համոզմունք հայտնեց, որ հնչող տեղեկատվությունը հնարավորություն կընձեռի ամբողջական պատկերացում կազմել ներքին եւ արտաքին մարտահրավերների լրջության աստիճանի մասին` արձանագրելով, որ դրանք կանխելու, իրավիճակը վերահսկելու եւ երկրում, ինչպես նաեւ սահմանագծում կայունությունն ապահովելու ուղղությամբ հայկական զինված ուժերի կողմից ձեռնարկվել են համարժեք քայլեր: Պաշտպանության նախարարը կայունության շուտափույթ հաստատումը հիմնավորեց նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության ապահովման կարեւորության տեսանկյունից: Ռազմական կցորդները շնորհակալություն հայտնեցին նախարարի սպառիչ փաստարկների համար եւ հաստատեցին, որ տեղեկատվությունը լիովին արտացոլում է այն իրավիճակը, որի վերաբերյալ իրենք արդեն իսկ իրազեկված էին: Նկատենք, որ նման տեսակետ ունեին նաեւ ականատեսները: Հնչեցին հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին հայտարարված Արտակարգ դրության ժամկետների հնարավոր փոփոխմանը, հասարակական կարգի պահպանությունում ներգրավված զինված ուժերի ստորաբաժանումների` նման պայմաններում գործելու հատուկ պատրաստվածությանը: Ռազմական դիվանագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը հնարավորինս արագ կհաղթահարի ճգնաժամային իրավիճակը, եւ կյանքը երկրում կընթանա իր բնականոն հունով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---