// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԱԳՆ. ԼՂ-ում զինվորի սպանությունը ցույց է տալիս Բաքվի արհամարհանքը ԵԱՀԿ ՄԽ երկրների հանդեպ

ԱԳՆ. ԼՂ-ում զինվորի սպանությունը ցույց է տալիս Բաքվի արհամարհանքը ԵԱՀԿ ՄԽ երկրների հանդեպ

PanARMENIAN.Net - Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում զինվորի սպանությունն ի ցույց է դնում Բաքվի արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը։

Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով փետրվարի 7-ին շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծել է, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում:

Համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին։

Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկել են հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը եռանախագահների ուշադրությունն է հրավիրել, որ ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ և թե երբ է պատրաստ այն իրականացնել, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։

Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին, թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա։

Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

 Ուշագրավ
Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը, դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը
Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար
ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել