// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ֆրանսիան մտադիր է ինֆորմատիկայի լիցեյ բացել Հայաստանում

Ֆրանսիան մտադիր է ինֆորմատիկայի լիցեյ բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան մտադիր է ինֆորմատիկայի լիցեյ բացել Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ հետագայում այն կդառնա ֆրանսիական համալսարանի ֆակուլտետներից մեկը:

Դեսպանը կարևորել է Երևանում ֆրանսիական համալիր կրթօջախ ստեղծելը՝ ամբողջացնելով մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցի և ֆրանսիական համալսարանի շղթան, որպեսզի Հայաստանում ապրող ֆրանսիացիների և ֆրանսիախոս հայերի երեխաները լիարժեք կրթություն ստանան:

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է դեսպանի՝ Հայաստան գալուց առաջ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները և նշել. «Կարծում եմ, որ գտնվում եք մի երկրում, որը ամենաջերմ ու առանձնաշնորհյալ հարաբերություններն ունի Ֆրանսիայի հետ: Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, կարծում եմ, ֆրանսիախոս հայկական համայնքներին հայրենիքի հետ կապելու մի նոր շրջափուլի սկիզբ կդառնա»:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու նաև հայկական Սփյուռքի մեկ միլիոնանոց ֆրանսիախոս համայնքներում՝ հավելելով, որ մինչև ամառ քույրացվելու են Ֆրանսիայում գործող ամենօրյա հայկական դպրոցները Հայաստանի տարբեր դպրոցների հետ:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպան լինելը նշանակում է ապրել ծայրաստիճան հյուրընկալ երկրում և գործ ունենալ կազմակերպված ու կարող հայկական համայնքի հետ. «Այո, Հայաստան գալուց առաջ ես գնացի Մարսել, եղա «A.R.A.M» թանգարանում, ընթերցեցի գաղթական հայերի տպավորությունները, հանդիպեցի համայնքի հետ ու ինձ մի քիչ հայ զգացի: Եվ հիմա ամեն շաբաթ ես լսում եմ որևէ միջոցառման մասին կամ մասնակիցն եմ դառնում նոր ձեռնարկի, որի նախաձեռնողը ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչներն են: Կարծում եմ՝ այս տարի, ինչպես նախագահ Մակրոնը հավաստեց հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հշատակի օրի կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ֆրանսիական օրացույցում»:

Նախարարը և դեսպանը համակարծիք էին որ Երևան-Մարսել և Երևան-Լիոն չվերթների բացումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական կապերի զարգացմանը:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում, տնտեսական համագործակցության, խթանման համար էական նշանակություն կունենա ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և ՀՀ կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։

 Ուշագրավ