Պենդերեցկի. ՀՀ-ում շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը

Պենդերեցկի. ՀՀ-ում շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանում սիրում և ճանաչում են Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա արվեստը: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու և նրա տիկնոջը՝ Էլժբիետա Պենդերեցկայայի հետ հանդիպմանը:

Անվանի երաժիշտը Հայաստանում է իր 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահն ասել է. «Խորհրդանշական է, որ աշխարհի տարբեր երկրներում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված՝ Ձեր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը սկսվում է հենց Երևանից: Կարծում եմ, որ մեծ արվեստագետի կոչումներից մեկն էլ ժողովուրդներին մերձեցնելն է, ամրապնդելը նրանց միջև բարեկամությունը, և Դուք դա շատ լավ եք անում»,-ասել է նախագահ Սարգսյանը և հույս հայտնել, որ մաեստրո Պենդերեցկին այսուհետ ևս նույն եռանդով ու նվիրումով կշարունակի ամրապնդել հայ-լեհական բարեկամությունը:

Քշիշտոֆ Պենդերեցկին նշել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ իր երաժշտությունը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: «Ես շատ ուրախ եմ, որ իմ հոբելյանին նվիրված փառատոնը մեկնարկել է Հայաստանից: Հայաստանում, իրոք, շատ բարձր է երաժշտական կատարողական մակարդակը՝ ինչպես նվագախմբի, դիրիժորի, այնպես էլ անհատ երաժիշտների: Ինձ, տիկնոջս ու մեր ընտանիքի համար մեծ հաճույք և երջանկություն է Հայաստանում գտնվելը: Պետք է ընդգծեմ, որ ես ինքս ինձ քառորդ չափով հայ եմ զգում, քանի որ տատիկս հայկական ծագում ունի»,-ասել է Քշիշտոֆ Պենդերեցկին և շնորհակալություն հայտնել փառատոնի բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Հայաստանում պետական մակարդակով մշակույթին ցուցաբերվող նման վերաբերմունքի համար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

2017-ին Հայաստանը և Լեհաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչպես նաև Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնց շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ տեղի ունեցան՝ առավել սերտացնելով հայ-լեհական միջպետական հարաբերությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---