Արմեն Սարգսյանը ուզում է լինել նախագահ

Արմեն Սարգսյանը ուզում է լինել նախագահ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ առաջարկը` դառնալ իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Այս մասին է հայտարարվել փետրվարի 16-ին Արմեն Սարգսյանի ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Հունվարին` ՀՀԿ կողմից առաջադրվելուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: Մինչ համաձայնության գալը նա հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների, ուսանողների, մտավորականների, Արցախի ղեկավարության հետ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նշել է, որ ուշադիր հետևել է հանդիպումներին: «Նրանք (ԶԼՄ-ները` խմբ.) ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են», - ասել է Սերժ Սարգսյանը:

Արմեն Սարգսյանն, իր հերթին, ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում կրկին համոզվել է` տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Նա, մասնավորապես, առանձնացրել է երկու կարևոր ոլորտ` կրթությունն ու քաղհասարակությունը:

«Մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն», - նշել է նա:

ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրությունները կկայանան մարտի 2-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---