Քեյթ Ուինսլեթը, Կիրա Նայթլին և ևս 200 բրիտանացի դերասանուհի կոչ է արել պայքարել սեռական ոտնձգությունների դեմ

Քեյթ Ուինսլեթը, Կիրա Նայթլին և ևս 200 բրիտանացի դերասանուհի կոչ է արել պայքարել սեռական ոտնձգությունների դեմ

PanARMENIAN.Net - Մոտ 200 բրիտանացի և իռլանդացի դերասանուհի ստորագրել է սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու կոչով նամակը:

Նամակին հավանություն են տվել Քեյթ Ուինսլեթը, Էմմա Թոմփսոնը, Քրիստին Սքոթ Թոմասը, Կիրա Նայթլին և Սիրշա Ռոնանը: Նամակը հրապարակել է The Observer-ը Լոնդոնում կայացած բրիտանական BAFTA կինոմրցանակի մրցանակաբաշխությանն ընդառաջ: Եթե նախկինում սեռական ոտնձգությունները կանանց և աղջիկների կյանքի «անբաժանելի մասը» և «անհաջող կատակ» էին համարվում, ապա «2018-ին մի նոր աշխարհում արթնացանք, որը հասունացել է փոփոխությունների համար»,-ասվում է նամակում, գրում է Deutsche Welle-ն:

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը հայտնի դարձավ Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հերմիոնա Գրեյնջերի դերակատարմամբ, աշխատավայրում սեռական բռնության ենթարկվածների հիմնադրամ է ստեղծել: Նա 1 մլն ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել հիմնադրամին, որն ամերիկյան Time's Up-ի նմանակն է:

2017-ի հոկտեմբերին տասնյակ կանայք հայտնեցին հոլիվուդյան ամենահայտնի կինոպրոդյուսերներից մեկի՝ Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին: Նրանց թվում էին՝ դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Կարա Դելեվինը և Քեյթ Բեքինսեյլը: Արդյունքում Վայնշտեյնին հեռացրեցին Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայից, սեփական Weinstein Company ընկերությունից և վտարեցին Ամերիկյան կինոակադեմիայի կազմից, որը հանձնում է «Օսկար» մրցանակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---