Քրգործ` ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահելու առթիվ

Քրգործ` ՊԵԿ հարկային տեսուչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահելու առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և քաղաքացու հաղորդման հիման վրա: Այս մասին հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:

Քաղաքացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 2017 թվականի հոկտեմբերի սկզբներին ընկերությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել և ստացել է 2013-2015-ին իրականացված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը: Ըստ նրա` հիշյալ հարկային տեսուչը, խախտելով օրենսդրական պահանջները, նշված փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ արձանագրություն չի կազմել, իսկ հետագայում հրաժարվել է դրանք հետ վերադարձնել` պատճառաբանելով, որ այդպիսիք իր կողմից չեն վերցվել:

Որոշ ժամանակ հետո գլխավոր հարկային տեսուչների կողմից կազմված ստուգման ակտով հիշյալ կազմակերպությանն առաջադրվել են ավելի քան 7 մլն դրամի չափով չկատարած հարկային պարտավորություններ, ընդ որում նաև` 2013-2015-ի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով: Մինչդեռ, քաղաքացու վստահեցմամբ, վերը նշված փաստաթղթերի բացակայության պայմաններում ստուգվող կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել օգտվել ստուգման ակտում արձանագրված դրույթների վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ և առարկություններ ներկայացնելու` օրենքով վերապահված իրավունքից:

ՊԵԿ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---