Ստամբուլի պատմական «Սանասարյան հանի» շենքը վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին

Ստամբուլի պատմական «Սանասարյան հանի» շենքը վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին

PanARMENIAN.Net - Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին: Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին, հայտնում է Ermenihaber-ը:

Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը հետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել բարձր ատյանի դատարան: Շուրջ 3 ու կես տարի շարունակված դատական գործընթացի արդյունքում վճիռ է կայացվել շենքի նկատմամբ ճանաչել Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:

Առաջիկայում վճռաբեկ դատարանը պատկան մարմիններին պատրիարքարանին սեփականության վկայական տրամադրելու համար անհրաժեշտ իրավական գործընթացները սկսելու կարգադրագրեր կուղարկի:

«Սանասարյանի հան» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---