ԶԼՄ. ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերն Աֆրին են մտել

ԶԼՄ. ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերն Աֆրին են մտել

PanARMENIAN.Net - Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ավտոշարասյունը բարեհաջող մուտք է գործել սիրիական Աֆրին: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սիրիայում քրդական զինված ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով այս ջոկատների Աֆրին մտնելու տեղեկությունը, ասել էր, որ դրանք հետ են շպրտվել թուրքական ԶՈւ-ի գնդակոծության արդյունքում:

«Էրդողանն այսօր վատ ճանապարհային ոստիկանի էր նման՝ հայտարարելով, թե կանգնեցրել է Աֆրին շարժվող սիրիական ուժերին: Այդ խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, սիրիական ուժերն արդեն Աֆրինում են», - ասել է Ռեյզան Խեդուն:

Նա ասել է նաև, որ չնայած թուրքերը որոշ դիրքերում առաջխաղացում են գրանցել, ընդհանուր առմամբ, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն անհաջող է:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---