Նալբանդյան. Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները

Նալբանդյան. Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է պահանջել Լեռնային Ղարաբաղը, և ոչ միայն այն: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում՝ հավելելով, որ Բաքուն չի կատարում պայմանավորվածությունները:

Նալբանդյանը հավելել է, որ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի տարբեր շրջաններ՝ ներառյալ մայրաքաղաք Երևանը, Ադրբեջանի պատմական հողերն են, ուր ադրբեջանցիները պետք է վերադառնան, և դա Բաքվի քաղաքական և ռազմավարական նպատակն է: «Ձեր հայեցողությանն եմ թողնում, թե արդյոք սա տարածքային պահանջ է հարևան երկրի նկատմամբ, սուր ճոճում, թե՞ մեկ այլ բան: Ինչպես հայտնի է, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը, որը ուժի կիրառման կամ սպառնալիքի հայտարարություններ է ներառում բազմիցս վերածվել է իրական գործողությունների»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանը կրկին լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով: «Ակնհայտ է, որ այս ագրեսիան լուրջ վնաս հասցրեց խաղաղ գործընթացին: Ագրեսիայից հետո միջնորդ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից կազմակերպվեց երկու գագաթնաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում` ուղղված իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Սակայն, Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ գագաթաժողվներին ձեռք բերված պայմանավորվածություններից և հրաժարվեց կատարել դրանք:

Միայն Հայաստանը չէ, որ հետևողականորեն հետամուտ է լինում այս համաձայնությունների կատարմանը: Համանախագահները ևս բազմիցս ընդգծել են գագաթաժողովի հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը, և վերջին նման հայտարարությունն արվեց ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,-ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման պարագայում համանախագահ երկրները բազմիցս վերահաստատել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի երեք սկզբունքները` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Նախարարաը հավելել է, որ այդ սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից որպես մեկ ամբողջություն, և, ինչպես նշել են եռանախագահները, սկզբունքներից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հիմնախնդրի կարգավորումը:

«Անկողմնակալ միջնորդների կողմից առաջարկված այս փոխզիջման լեզվից ցանկացած շեղում կվնասի միջազգային հանրության համաձայնեցված ջանքերը, կխաթարի համանախագահ երկրների աշխատանքը, պառակտման կեղծ ազդանշան կհաղորդի, ինչը կարող է շահագործվել խաղաղության թշնամիների կողմից, և, ի վերջո, կարող է խաթարել խաղաղ բանակցային գործընթացը՝ ճանապարհ հարթելով նոր ռազմական գործողությունների համար: Հետևաբար, հարցին պետք է վերաբերվել ծայրահեղ զգուշությամբ: Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների մոտեցումներին չեն կարող իրենց դիրքորոշումն ու ձևակերպումը փոխել մեկ փաստաթղթից մյուսը: Մեկընդմիշտ պետք է հստակեցվի, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված բանակցային լուծումը, որը ներառում է համանախագահների կողմից որպես հիմնախնդրի կարգավորման հիմք առաջարկված միջազգային իրավունքի երեք սկզբունքները, այլընտրանք չունի»,-ասել է Նալբանդյանը, հայտնումն է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---