Netflix-ի նոր ռեալիթի շոուի մասնակիցներին դրդելու են սպանության (վիդեո)

Netflix-ի նոր ռեալիթի շոուի մասնակիցներին դրդելու են սպանության

PanARMENIAN.Net - Netflix-ն ազդարարել է նոր Push («Դրդում») ռեալիթի շոուի մեկնարկը, որտեղ գլխավոր հերոսներին կառաջարկվի մարդ սպանել: Մասնակիցները չեն իմանալու, որ իրենք շոուի մասնակից են:

Իսկական մարդասպաններ չեն լինելու՝ նախագծին կմասնակցի մոտ 70 դերասան, որոնք պատմություն կմոդելավորեն հերոսի համար: Կերպարները միտումնավոր հոգեբանական ճնշում կգործադրեն ոչինչ չկասկածող մասնակցի վրա, որպեսզի, նա, օրինակ, հրի տարեց մարդուն շենքի տանիքից, գրում է TJ-ն:

«Դրդումը» ստեղծվում է հնարքներով և հիպնոսով հայտնի անգլիացի Դերեն Բրաունի հետ համատեղ, որը նաև մի քանի գրքի հեղինակ է հոգեբանական փորձերի մասին: Ինչպես նշել է Բրաունը, նա ցանկացել է «հերոսի մոտ տպավորություն ստեղծել, որ նա ունի միայն մեկ ելք՝ սպանություն կատարել»:

Նախագիծը ներկայացվում է որպես սոցիոլոգիական էքսպերիմենտ, որի նպատակն է պարզել, թե արդյոք մարդիկ սարսափելի բաներ կանեն, եթե բոլորը շրջապատում ասում են, որ այլ ելք չկա: Ի տարբերություն այլ շոուների, այս անգամ մասնակիցները չեն իմանալու, որ այն ամենն, ինչ կատարվում է, իրական չէ:

XX դարի 60-ականներին գիտնականները նմանատիպ նպատակներով էքսպերիմենտներ արդեն անցկացրել են: Այն ժամանակ հոգեբան Սթենլի Միլգրեմը Յելի համալսարանից մի խումբ տղամարդկանց էր հավաքել տարբեր սոցիալական խմբերից, որպեսզի նրանք օգնեն իրեն հետազոտել ցավի ազդեցությունը հիշողության վրա: Մասնակիցներից մեկը, որը դերասան էր, պետք է բառեր «հիշեր», իսկ մյուսը՝ պատժեր նրան հոսանքի հարվածներով սխալի դեպքում: Հարվածի հզորությունը հուշում էր գիտնականը: Երրորդ սխալից հետո նա կարգադրեց առավելագուն հզորության հոսանքն օգտագործել՝ 450 վոլտ, ինչը կարող էր «սպանել» մասնակցին: Փորձը ցույց տվեց, որ մարդկանց երկու երրորդը պատրաստ է սպանել մարդուն, քանի որ այդպես է ասել սպիտակ խալաթով դոկտորը: Փորձի մասնակիցներին չէին կանգնեցնում նույնիսկ թակոցները պատին և այլ ազդանշանները, որ ինչ-որ բան այն չէ: Միլգրեմը եկել է այն եզրակացության, որ նույնիսկ բարյացակամ մարդիկ կարող են սարսափելի բաներ անել հեղինակությունների դրդմամբ:

«Դրդումի» գաղափարը նման է Դևիդ Ֆինչի «Խաղը» ֆիլմին: Ըստ սյուժեի, գլխավոր հերոսին աստիճանաբար փորձում են դրդել սարսափելի արարքների՝ «քայքայելով» նրա կյանքը:

Սակայն «Դրդման» հեղինակներն ավելի հեռուն են գնում՝ շոուի մասնակիցներին կասեն, որ նրանք բանտ կընկնեն, եթե մարդ չսպանեն: Նախագիծը մեկնարկում է Netflix-ում փետրվարի 27-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---