// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին. Ինչ հիմնավորմամբ է պետությունը մասնակցում պատրիարքի ընտրությանը

Կարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ  նախարարին. Ինչ հիմնավորմամբ է պետությունը մասնակցում պատրիարքի ընտրությանը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Թուրքիայի nերքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել:

Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունն այս ընտրությանը ոչ այլ ինչ է քան հայ համայնքի իրավունքների ոտնահարում, հայտնում է Ermenihaber-ը:

«Պետությունն արդյոք ինչ հիմնավորմամբ է մասնակցում հայ համայնքի պատրիարքի ընտրությանը: Ներկայիս պատրիարքը՝ Մեսրոպ Մութքաֆյանը, իր այս հիվանդությամբ, բժշկության օգնությամբ կարող է երկար տարիներ ողջ մնալ: Այդ դեպքում, երբ հայտարարում եք, որ մինչև պատրիարքը չմահանա ընտրություն չի լինի, նկատի ունեք, որ պատրիարքարանը երկար տարիներ կառավարվելու է ձեր նշանակած կառավարչի կողմի՞ց:

Բացի այդ, ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեից հետո նախագահ Էրդողանը պահաջեց, որ սեղմ ժամկետներում պատրիարքի ընտրության հարցը կազմակերպվի: Դրանից հետո արդյոք ի՞նչ փոխվեց և ի՞նչու նա փորձեց խոչընդոտել ընտրական գործընթացին:

Նախագահ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ քննադատել է, որ Արևմտյան Թրակիայում մուֆթիի ընտրությունները չեն անցկացվում: Այդ դեպքում ի՞նչպես կգնահատեք Թուրքիայում երկար տարիներ հայ պատրիարքի ընտրության խոչընդոտումը, եկեղեցական ավանդույթները արհամարհելով, պետության կողմից մեկին որպես կառավարիչ նշանակելը և այդ որոշումները հայ համայնքին պարտադրելը»,-ասվում է հայ պատգամավորի հարցադրման մեջ:

Փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

 Ուշագրավ
2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է
Շուշիում նախատեսում է նաև ունենալ ժամանակակից հանգստի գոտի
Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և շնորհավորել Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ